Մատչելիության հղումներ

«Քայլ առ քայլ կկարողանանք հասնել փոխզիջման և լուծում գտնել»․ Մատվիենկոն՝ ղարաբաղյան գործընթացի մասին


ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

«Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար, քանի որ այլ լուծում չկա», - Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Մատվիենկոն հիշեցրել է՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիների որոնմանը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում:

Հիշեցնենք՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հետո էլ՝ Ադրբեջանի նախագահը։ Իսկ առաջիկա երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին երկու երկրների արտգործնախարարները հանդիպելու են արդեն Մոսկվայում, և այդ հանդիպմանը մասնակցելու է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մատվիենկոն Բաքվում անդրադարձել է ապրիլի 15-ին կայանալիք հանդիպմանը՝ նշելով․ - «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:

Ռուսաստանի քաղաքականության հնաբնակներից մեկը վստահեցրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։

Դե իսկ Ասադովը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

Այսօր Մատվիենկոյին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Մատվիենկոյին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարին ընդունելիս Ալիևն այսօր ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն և Մոսկվան ակտիվորեն չեն համագործակցում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար, և ռուսական կողմը ադրբեջանական տնտեսություն է ներդրել շուրջ 1,5 միլիարդ դոլար։

Մատվիենկոն Բաքվում հավելել է նաև, որ միայն անցած տարի Ադրբեջան էր այցելել 800 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ։

Ի դեպ, իր ադրբեջանցի գործընկեր Օքթայ Օսադովին Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարը հրավիրել է Սևաստոպոլ՝ Մեծ հայրենականում հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Ադրբեջանցի մեկնաբաններն ընդգծում են, որ Բաքուն չի ճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի միավորումը Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG