Մատչելիության հղումներ

Ալիևը պնդում է՝ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ նշանակության ուժերի զորամասում, 2-ը ապրիլի, 2019թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ նշանակության ուժերի զորամասում, 2-ը ապրիլի, 2019թ․

Երեկ, երբ լրացավ ապրիլյան պատերազմի երրորդ տարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի զորամաս:

Զինվորական այդ զորամասում Ալիևն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը՝ այն կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Նա հայտարարել է, թե Հայաստանի նոր ղեկավարությունը ցանկանում էր փոխել բանակցությունների ձևաչափը, բայց Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը թույլ չի տվել կատարել դա: Ալիևի խոսքով՝ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, «գրավված տարածքների» բնակչության 80 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, ուստի բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են երկու երկրների միջև:

«Վիեննայի վերջին հանդիպումը կարևոր էր, որովհետև մեկ անգամ ևս հաստատվեց գոյություն ունեցող ձևաչափը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով հանդիպման արդյունքները:

Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և ընդգծել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու գործին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Պուտինը և Ալիևը նաև հաստատել են, որ տրամադրված են ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը հայտնեց, որ Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Կրեմլի մամուլի ծառայությունը այդ հեռախոսազրույցի մասին հաղորդել էր, թե Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերի համար: Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամություն՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել կարգավորման առանցքային ասպեկտներով հանգուցալուծումների որոնմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG