Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ «Սպայկան» պետբյուջե պետք է փոխանցի 7 միլիարդ դրամից ավելի շատ հարկ


«Սպայկան» պետք է պետբյուջե փոխանցի ոչ թե 7 միլիարդ դրամ, այլ ավելի շատ հարկ: Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ ղեկավարը մանրամասնեց, թե այդ 7 միլիարդ թիվն առաջացել է ընկերության ընդամենը 1 տարվա գործունեության ստուգման արդյունքում, դեռ պետք է ստուգվի ևս 2,5 տարվա աշխատանքը․ - «7 միլիարդը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: 2015 թվականին փաստաթղթերը ունենք, փաստաթղթերի հիման վրա այդպիսի հաշվարկ է կատարվել: Բայց նաև կա 2,5 տարվա ժամանակաշրջան, որի փաստաթղթերի ձեռքբերման պրոցեսում ենք մենք: Այդ փաստաթղթերը ունենալուն պես հաշվարկներ կկատարվեն, և հաշվարկների արդյունքը ևս կտեղեկացվի»:

«Ազատության» հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ չի բացառվում, որ այդ 7 միլիարդը կարող է աճել, Անանյանը պատասխանեց․ - «Ոչ միայն չի բացառվում, այլ կարծում եմ, որ աճելու է: Տեսեք․ եթե մենք ունենք 3,5 տարվա ժամանակաշրջանին առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող այդպիսի վարքագիծ, մենք այդ վարքագծի՝ ոչ արժեքային, այլ ժամանակագրական առումով միայն 30 տոկոսին առչվող փաստաթղթեր ունենք, որոնց վերաբերյալ կատարել ենք հաշվարկներ: Հաշվարկները ի՞նչ ցույց կտա՝ ես դա չեմ կարող ասել»:

Պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերությանը ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 2015-ին, պետությանը 7 միլիարդ 36 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ՝ խուսափելով վճարել հարկերը:

Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորված է:

Ավելի վաղ, «Սպայկան» պետբյուջե էր փոխանցել 2 միլիարդ 45 միլիոն դրամ, որովհետև, ըստ ՊԵԿ-ի, ընկերությունը 2015 թվականիի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել ու պետական բյուջե պակաս հարկ վճարել:

Երկու օր առաջ Նորագավիթի ավտոմաքսատանը «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Կանխատեսումն այն է, որ դա դառնալու է 14, 25, 30 միլիարդ և այդպես շարունակ: Հնարավոր է բացվի մի մեծ մախինացիայի շղթա, որը ենթադրաբար չէր կարող գոյություն ունենալ առանց վերևներից հովանավորության»:

Գյուղմթերքի արտադրությամբ և բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը՝ «Սպայկան», ըստ լրատվամիջոցների պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։

Երկու օր առաջ ընկերությունը հայտարարություն էր տարածել, թե «ընկերության տնօրենի կալանավորման արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները, նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում»:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողներին փոխանցեց, որ չնայած Հայաստանից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի մոտ 20 տոկոսը տեղափոխվել է «Սպայկայի» բեռնատարներով, սակայն վտանգ չի տեսնում, որ մթերումների հետ կապված խնդիր կլինի․ - «Մենք այս պահին ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ և բոլորին ազատ կարող ենք տալ: Այսինքն, ցանկացած մթերող գնում ա բանկ, ֆինանսական կառույց և վերցնում է այդ ազատ ֆինանսական ռեսուրսը, որը այսքան մամուլում շրջանառվում է որպես խնդիր»:

Գեղամ Գևորգյանը «Ազատության» տաղավարում:
Գեղամ Գևորգյանը «Ազատության» տաղավարում:

«Ազատության» հարցին, թե արդյոք իր ասած ենթադրում է, որ եթե «Սպայկայի» սեփական միջոցների հետ կապված խնդիրներ լինեն, Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ազատ միջոցները տրամադրել, որպեսզի մթերումներ իրականացնեն, Գևորգյանն արձագանքեց․ - «Ոչ միայն «Սպայկայի», բոլորի: Չկա որևէ մեկի հանդեպ որևէ առավել դիրքորոշում: Դա մինչև այդ դեպքերն էլ էինք մենք հայտարարել»:

«Սպայկայի» զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը, ով այժմ կատարում է ընկերության ղեկավարի պարտականությունները, այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում չցանկացավ մեկնաբանել ՊԵԿ նախագահաի խոսքերը, թե ընկերությունը պետք է պետբյուջե փոխանցի ոչ թե 7 միլիարդ դրամ, այլ ավելի շատ հարկ:

Ընկերությունը, նրա խոսքով, հիմա «շատ բարդ պրոբլեմների առաջ է կանգնել»․ - «Առնվազն արտասահմանյան մի քանի բանկ արդեն գործընթաց են սկսել մեր վարկային միջոցների մասով, հետ կանչելու մասով: Հիմա մենք փորձում ենք այդ գործընթացը դանդաղեցնել կամ կանգնացնել: Եվ շատ անհանգստացած ենք, որ մեր շրջանառու միջոցների վրա սառեցումներ չլինի, որ կարողանանք աշխատել»:

Անցած տարվա արդյունքներով, «Սպայկան» 45-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, սակայն ուշագրավն այն է, որ մինչ թավշյա հեղափոխությունը՝ 2017 թվականին, այն, ըստ ՊԵԿ-ի, պետբյուջե էր վճարել 1 միլիարդ 815 միլիոն դրամ հարկ ու տուրք, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ի ընթացքում ավելի քան երկու անգամ շատ՝ 3 միլիարդ 747 միլիոն:

XS
SM
MD
LG