Մատչելիության հղումներ

«Սպայկա»-ն ՊԵԿ ստուգումներից հետո պետբյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը


Բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2018 թվականի հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը:

Տեղեկատվությունը հաստատեց նաև «Սպայկա» ընկերության սեփականատեր ներկայացող Դավիթ Ղազարյանը։

«Շահութահարկի մասով ճշգրտումներ ենք տվել և ՊԵԿ-ի հետ էդ թյուրիմացությունն ուղղվել է։ Պետության բյուջե գումար է վճարվել և մենք տվել ենք մեր ուղղումը, խնդրում եմ հաշվետվությունը բաց է, կնայեք», - ասաց Ղազարյանը։

Հարցին թե 2 միլիարդ 45 միլիոնն ամբողջությամբ չեն վճարե՞լ պետական պետական բյուջե, Դավիթ Ղազարյանը պատասխանեց. - «Վճարվել է»։

Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ:

«Սպայկա» ընկերության սեփականատերը հակադարձում է՝ ՊԵԿ-ը ցանկացած ժամանակ էլ կարող է ակտ գրել ընկերության դեմ։

«Այդ խնդիրը միշտ լինելու է մեր երկրում, քանի որ ՊԵԿ-ն՝ ուսումնասիրելով շուկան, ասում է, որ «չենք հավատում այն գներին, որով դուք արտահանել եք»։ Իրականում շատ դեպքերում մենք տանում, նույնիսկ ավելի էժան ենք վաճառում, քանի որ պարտավորություններ ունենք ֆերմերների նկատմամբ։ Դա մի հատ մեծ դաշտ է, ցանկացած ժամանակ ՊԵԿ-ը կարող է մեր վրա ակտ գրել և այլն, բայց ՊԵԿ-ի հետ մենք եկանք այն կետին, որ էս հարցը մենք շահութահարկի մասով տվեցինք ուղղումները և կարգավորվեց», - ասաց Ղազարյանը։

Հարցին, թե քաղաքական իրավիճակի փոփոխությամբ էր պայմանավորվա՞ծ այս ամենը, Ղազարյանը պատասխանեց. - «Չէի ասի, ուղղակի երկար տարիներ ստուգում մեր ընկերությունում չէր իրականացվել՝ ուղիղ չորս տարի»։

Թե ինչո՞ւ նախորդող չորս տարիներին «Սպայկա»-ում ստուգումներ չեն անցկացվել, Դավիթ Ղազարյանը հորդորում է հարցնել հենց ՊԵԿ-ից, բայց բացառում է, որ պատճառը տարբեր ժամանակներում ընկերության հետ ասոցացվող բարձրաստիճան պաշտոնյաններն են, ովքեր արտոնյալ կարգավիճակ են տվել ընկերությանը:

Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս է գրել, որը ընկերությունը պատկանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ով տարիներ առաջ ընկերությունը գնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից։

«Հիմա որ վարչապետն այսօր եկավ մեր պանրի գործարանի բացմանը տարօրինա՞կ էր։ Այնքան անուններ կան, եկեք ես այդ հարցերին չպատասխանեմ։ Ընկերության սեփականատերը հարյուր տոկոս ես եմ, ես եմ ստեղծել 2001 թվականին «Սպայկա» ընկերությունը և գիշերները չեմ քնել ու շատ մտածմունքներ, պրոբլեմներ լուծել եմ ես», - ասաց «Սպայկա» ընկերության սեփականատերը։

Ինչպես պնդում է Ղազարյանը, «Սպայկա»-ն չի եղել այն ընկերությունների շարքում, որոնց սեփականատերերը ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26 ինչպես պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Նոր էջից սկսենք ամեն ինչ, ոչ թե պայմանավորվածություն, այլ նոր էջից սկսենք ու մեր պետության հետ աշխատենք, մենք ինքներս շատ ուրախ ենք, որ օրենքը գերակա շահ է բոլորի համար», - ասաց Ղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG