Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են «Կորպորասիոն Ամերիկա»-ի ներդրումային ծրագրերի ընդլայնման հեռանկարները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ընկերության հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին:

Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում բիզնես միջավայրի ակտիվությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG