Միացյալ Նահանգների իշխանությունները ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:
Այդ մասին այսօր Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքատուղար Մայք Փոմփեոն:
«Այս որոշումը ուժի մեջ կմտնի մեկ շաբաթից», - նշել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
«Այս որոշումը հստակորեն ուրվագծում է այն վտանգները, որոնք ուղեկցում են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ գործարար կապերի հաստատումը կամ այդ կառույցին աջակցություն ցուցաբերելը: Եթե դուք բիզնես եք ծավալել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ, նշանակում է ֆինանսավորում եք ահաբեկչությունը», - նշված է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: