Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները


Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ:

Շեն Յուեյուեի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարևորելով հակամարտության լուծումը քաղաքական երկխոսության ճանապարհով և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ: Գոհունակություն հայտնելով զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման տեմպերից՝ կողմերն ընդգծել են ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը: Կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի կազմակերպումը:

Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը՝ որպես այժմ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, կշարունակի աջակցել Չինաստան-ԵԱՏՄ կապերի հետագա զարգացմանը: Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ՏՏ Համաշխարհային կոնգրեսը, և հույս հայտնել, որ չինաստանյան ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանում կայանալիք համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՉԺՀ-ի կողմից նախաձեռնված միջազգային և տարածաշրջանային ծրագրերի, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շուրջ: Ողջունելով այդ ծրագրերը և կարևորելով դրանց տնտեսական նշանակությունը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել դրանց իրագործման գործընթացում:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օժանդակության համար, երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայություն համարել Երևանում 2018 թվականին Հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը, որն արդեն բավական հայտնի է և շուրջ 400 աշակերտ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG