Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը շարունակում է հանդիպումները Եթովպիայի ղեկավարության հետ


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Պաշտոնական այցով Ադիս Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի և ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին:

Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:

Նույն օրը ավելի վաղ կայացել են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Եթովպիայի նախագահի, ԱԳՆ պետքարտուղարի, նորարարության և տեխնոլոգիայի նախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG