Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Ադիս Աբեբա պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ինչպես նաև Եթովպիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջող անդամակցության առիթով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցներն առանձնահատուկ ընդգծել են Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Նախարարը կարևորել է Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:

Եթովպիայի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Զրուցակիցները շեշտել են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG