Մատչելիության հղումներ

2017-ին «Ելք»-ի աջակիցների վրա զինված հարձակման գործով դատարանում ցուցմունք տվեց Նիկոլ Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես վկա ցուցմունք տվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Ելք» դաշինքի անդամների և «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով:

Փաշինյանն այսօր մանրամասներ ներկայացրեց 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպից. - «Կարծեն Ալեն Սիմոնյանն ինձ զանգեց և ասաց, որ մեր տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Նախընտրական շարժական շտաբ ունեի, որը «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս էր, հենց մոտեցա, տեսա, որ իմ նկարի վրա ներկ է փչված, պատմեցին ինձ, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, և երբ որ հետաքրքրվել են, թե ո՞ւր է դրոշը և նաև նկատել են ներկված նկարը, հետաքրքրվել են, թե ուր է դրոշը և ով է տարել, մի քանի քաղաքացիներ են եղել այդտեղ կանգնած և նրանցից մեկն ասել է՝ «ես եմ տարել» և, ըստ իրենց պատմածի, ասել է՝ «ի՞նչ իրավունք ունեք այս դրոշն օգտագործել» խոսքը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին է, և այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել», - պատմեց վարչապետը։

Վարչապետը շարունակեց՝ միջադեպի ընթացքում զենք են ուղղել տուժող Հայկ Սարգսյանի ուղղությամբ, ով ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր է:

Փաշինյանը պատմեց՝ դեպքի վայր հասնելուն պես ահազանգել է ոստիկանությանը և ուղիղ եթեր է մտնել:

«Ինձ ասացին, որ այդ ակտիվ անձի վերաբերյալ խոսելիս օգտագործվում էր «Մանախ» անունը, կամ մականունը», - ասաց վարչապետը։

Փաշինյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու անհրաժեշտություն դատախազությունը տեսել է դեռ այն ժամանակ, երբ նա Հայաստանի վարչապետը չէր:

Պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց՝ մեղադրող կողմն է պնդել, որ Փաշինյանը ներկայանա դատարան, բայց գործի համար էական հարց այդպես էլ չհնչեցրեցին: Իսկ իրենք նման անհրաժեշտություն չէին տեսել։

Ալումյանն, այնուամենայնիվ, գործով վկա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է Փաշինյանը քննիչ Սուրեն Նավոյանի հետ։

«Քննիչ Նավոյանի հետ այդ գործի հանգամանքների շրջանակում որևէ այլ հարաբերություն չեմ ունեցել։ Միայն հիշում եմ, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, քննիչ Նավոյանն իրավապահ համակարգի այն աշխատողներից էր, ովքեր աջակցություն էին հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությանը», - ասաց Փաշինյանը։

Երբ դատախազն առարկեց Ալումյանի հարցերի կապակցությամբ, դատարանը փորձեց հստակեցնել՝ ի՞նչ առնչություն ունեն հարցերը գործի հետ: Փաստաբանը սկսեց հիմնավորել իր հարցերն, այդ ընթացքում վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել:

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ բոլոր հարցերին ամենայն մանրամասնությամբ պատասխանեմ, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում։ Ես դատարանից թաքցնելու որևէ բան չունեմ, այնպես որ պատրաստ եմ բոլոր հարցերին հնարավոր առավել մանրամասնությամբ պատասխանել», - հայտարարեց Փաշինյանը։

Ամբաստանյալ Արթուր Այվազյանը, ով 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչության գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար, հայտարարեց՝ վկային հարցեր չունի, քանի որ չի ցանկանում, որ այս գործը քաղաքական խաղի մեջ օգտագործվի։

«Քրեական գործ կոչված ֆարսն ինչ-որ դիվիդենտային կերպով քաղաքական խաղի մեջ օգտագործել ես թույլ չեմ տա, քանի որ սա ինձ վերաբերվող գործ է, իսկ ես քաղաքական կեղտոտ խաղերին չեմ մասնակցում», - ասաց Այվազյանը։

Նիստից հետո «Ազատություն»-ը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչո՞ւ որոշեց ներկայանալ դատարան՝ վկայության, քանի որ նման նախադեպ Հայաստանում չի գրանցվել։

«Ե՞ս եմ որոշում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա», - ասաց վարչապետը։

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ինքը հարցաքննվե՞լ է, Փաշինյանը պատասխանեց. - «Այո, այդ թվում՝ այս դատարանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG