Մատչելիության հղումներ

«Ելքի» ներկայացուցիչների վրա հարձակման գործով մեկ ձերբակալված կա. ոստիկանություն


Ոստիկանությունը հայտարարում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց հետ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է Արթուր Ա.-ն: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)։

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում միջադեպից, որի մասին ահազանգել էր «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.»:

Ոստիկանության հաղորդագրությունում նաև նշվում է, որ ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանի կողմից, նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG