«Այս պահին, կարծես թե հիմնական խնդիրը՝ իշխանության կողմից հեռուստատեսության բովանդակության վերահսկողությունը, գոյություն չունի», - ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը։
Հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահը Հանրային հեռուստաընկերությունում ու ռադիոյում պատրաստվում է փոփոխություններ իրականացնել՝ «առայժմ ոչ կտրուկ»։ Կլսի նաև մրցույթին մասնակցած մյուս թեկնածուների խորհուրդները․ - «Ես չեմ պատրաստվում կառուցվածքային փոփություններ, կտրուկ գործողություններ, որովհետև ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչից է բաղկացած այս կառույցը։ Ես ընդհանրապես հակված եմ աշխատել մարդկանց հետ, ովքեր իրենց տեղում կարողանում են գործը անել»:
Նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված վատ ավանդույթը, երբ իշխանությունն էր թելադրում Հանրայինի օրակակարգը, Արա Շիրինյանի համոզմամբ, արդեն անցյալում է. ինքն էլ բացառում է՝ իրենց աշխատանքներին որևէ միջամտություն չի լինի» - «Ես նման բան չեմ պատկերացնում։ Ես կարծում եմ, որ հասարակությունը արդարացիորեն վստահություն չէր վայելում հանրային հեռարձակման նկատմամբ, և պատճառները բոլորիս հայտնի են Բայց հիմա կարծես թե իրավիճակը փոխվում է»:
«Միշտ այնպիսին է եղել Հանրային ռադիոհեռուստաընկերությունը, ինչպիսին ցանկանում էր իշխանությունը», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով նույնպես արդեն նկատում է, որ իշխանափոխությունից հետո Հանրայինում իրավիճակ է փոխվել։ Հիմա իշխանությունները Հանրայինը չեն օգտագործում քաղաքական շահերի համար, այսպես ասած, գրաքննություն չկա․ - «Վերջին ամիսներին տեսնում ենք, որ իշխանության մաս կազմող առանձին պաշտոնյաները փորձում են որոշակի ազդեցություն ունենալ լրատվամիջոցների վրա: Է՛լ ավելի մեծ ազդեցություն լրատվամիջոցների վրա տարբեր այլ քաղաքական ուժեր էին փորձում բանեցնել, և մենք դրա արդյունքը տեսնում ենք այսօրվա մեր լրատվական դաշտում: Բայց նաև մենք ունենք մի իրավիճակ, երբ այդ կարգի զանգերին, խնդրանքներին, հորդորներին կամ հրահանգներին հնարավոր է պատասխանել՝ զբաղվեք ձեր գործով»:
Հեռուստատեսությունում երկար տարիներ աշխատած Արա Շիրինյանի ընտրությունից հետո երեկ մամուլը նրա կուսակցական պատկանելության մասին գրեց։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահնն ասում է, որ ինքը իշխող կուսակցության անդամ չէ, միայն «Քաղաքացիական պայմանագրի» «Վերադարձ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, այն էլ՝ արդեն խորհրդի կազմից դուրս գալու դիմում է գրել։
«Վերադարձի հոգաբարձուների խորհուրդը ստեղծվել էր այն ժամանբակ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ կուսակցություն չէր, նախաձեռնություն էր։ Եվ այդ հանձնախմբի նպատակը, որի մեջ մտնում էին արվեստագետներ, հասարակության մեջ հայտնի մարդիկ, հասարակական կազմակերպությունների անդամներ․․․ հանձնախումբը պարզապես վերահսկում էր դրամական փոխանցումների ծախսը», - հավելեց Շիրինյանը:
Ըաս օրենքի, ի դեպ, Հանրային հեռուստառադիոընկերության անդամները չեն կարող լինել կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ և նրանց փոխկապակցված անձինք։
23 թեկնածուներից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանի համար այսօր խորհրդում առաջին աշխատանքային օրն էր՝ ոչ պաշտոնապես, քանի որ ընտրության արդյունքը դեռ վարչապետը պետք է հաստատի։
Ուղիղ հեռարձակում