Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը


Արա Շիրինյան
Արա Շիրինյան

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են խորհրդից, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովն ընտրել է Արա Շիրինյանին:

«Հանձնաժողովն իր ընտրությունը կատարել է, վարչապետը պետք է հաստատի եռօրյա ժամկետում», - ասել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:

Հանրային ռադիոյի հաղորդագրության համաձայն՝ Արա Շիրինյանը 62 տարեկան է: Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, 1996-2003-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի խորհրդի անդամ է:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդգես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG