Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈւՆԻՖԻԼ և ՄԻՆՈւՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ուրբաթ օրը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովում:
«Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ», - Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Տոնոյանը:
Նախարարը վերահաստատել է Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարեփոխումների օրակարգին:
Նույն օրը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում Դավիթ Տոնոյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է Զինված ուժերում ընթացող բարեփոխումները և իրականացվող ծրագրերը, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Ուրբաթ օրը Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր, Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ:
Տե՛ս նաև այստեղ