Մատչելիության հղումներ

Տոնոյան. Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը խաղաղապահ գործողություններում


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈւՆԻՖԻԼ և ՄԻՆՈւՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ուրբաթ օրը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովում:

«Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ», - պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Տոնոյանը:

Նախարարը վերահաստատել է Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի բարեփոխումների օրակարգին: «Ներկայում մենք աշխատում ենք 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ Այս առաջարկ-հայտերը պատշաճ կերպով հայտարագրվել են, և ակնկալում ենք համապատասխան ստուգման ընթացակարգերի ավարտին պաշտոնապես բարձրացնելու մեր կարողությունները՝ դարձնելով դրանք հնարավորինս արագ տեղակայելի», - ասել է Տոնոյանը:

«Մեր գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ գործընկերների աջակցության շնորհիվ մենք զարգացնում ենք ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունները՝ ապահովելու մեր ուժերի պատշաճ պատրաստվածությունը նախքան խաղաղապահ առաքելություններում տեղակայումը: Նպատակ ունենք այս ուսումնական կարողությունը դարձնելու միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն և այն մատչելի դարձնել այլ երկրների խաղաղապահների համար», - նշել է նախարարը:

Նա հայտնել է, որ անցյալ ամիս Հայաստանի կառավարությունն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիրը: Փաստաթղթում առաջնահերթություն է տրվում կանանց վերապատրաստման և կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ խաղաղության պահպանման, ինչպես նաև խաղաղության ամրապնդման ուղղված աշխատանքներում իրենց ներգրավածությունը մեծացնելու հեռանկարով:

«Մենք արդեն ունենք Կոսովոյում ԿՖՈՐ և Աֆղանստանում՝ Վճռական աջակցություն առաքելություններում տեղակայված կին զինծառայողներ, ավելի մեծ թվով կանայք շուտով կտեղակայվեն ՅՈւՆԻՖԻԼ առաքելության կազմում 2019թ. ամռանը նախատեսվող հաջորդ հերթափոխի ընթացքում՝ Միացյալ Ազգերի կողմից սահմանված 15 տոկոս թիրախը ապահովելու նպատակով», - ասել է նախարարը:

«Հոկտեմբերին Հայաստանը մայրաքաղաք Երևանում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր 84 անդամ պետությունների, դիտորդների և ասոցացված անդամների։ Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, ի թիվս Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այլ ոլորտներում համագործակցության, ճանաչում է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ֆրանսախոս երկրներում խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը և կոչ է անում շարունակել ջանքերը ֆրանսախոս անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում գոհունակությամբ նշում եմ, որ Ալյանս Ֆրանսեզի աջակցությամբ Հայաստանը նախաձեռնում է լեզվի ուսուցման հատուկ ծրագիր խաղաղապահների համար, և քայլեր ենք ձեռնարկում ֆրանսերեն թարգմանիչների պատրաստման համար՝ աջակցելու խաղաղապահ գործողություններին», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Նույն օրը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումները և իրականացվող ծրագրերը, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Ուրբաթ օրը Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր, Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG