Մատչելիության հղումներ

ԱՄՆ նորանշանակ դեսպանը ողջունել է կոռուպցիայի վերացմանն ուղղված սոցապ նախարարի ջանքերը


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը հատկապես կարևորել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացված թրաֆիքինգի դեմ ուղղված ծրագրերը, որոնք կարևոր են Հայաստանի համար, սակայն անհնար կլինեն իրականացնել առանց այդ աջակցության:

«ԱՄՆ կառավարությունը երկար տարիներ գործակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ երեխայի սոցիալական պաշտպանության բարեփոխումների, սոցիալական ներառման, կենսաթոշակային բարեփոխումների, սոցիալական ապահովության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի և սոցիալական ծառայությունների որակի բարելավման հարցերում: Վստահ եմ, որ կոռուպցիայի վերացմանն ուղղված նախարարի ջանքերը կհանգեցնեն երկրի սոցիալական ապահովության համակարգի և բնակիչների կենսամակարդակի բարելավմանը»,- իր հերթին ասել է ԱՄՆ դեսպանը:

Նա նշել է, որ ուրախ է տեսնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում գործնական քայլեր կատարելու և օրենսդրական բարեփոխումներ ձեռնարկելու, քանի որ սա նաև ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկն է.

Նա անդրադարձել է նաև զբաղվածության խրախուսման և աղքատության նվազեցմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին: Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության տեսլականը.

«Կառավարությունը հանձնառություն է վերցրել՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում: Մենք այն համոզմանն ենք, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է միայն զբաղվածության խրախուսման միջոցով՝ չբացառելով նաև սոցիալական աջակցության ծրագրերը: Այսօր մենք զբաղվածության մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ փորձելով դրանք առավել թիրախային դարձնել»,- ասել է նախարար Բաթոյանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա և ուղղված կլինի մարդու իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG