Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը


Մանվել Գրիգորյան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը։ Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը։

Ըստ կայքէջի, մարտի 22-ին ՄԻԵԴ ստացված գրությամբ Հայաստանի կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով Հայաստանի կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

«Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, և նա կրկին կալանավորվեց։

Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։

Մարտի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:

Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ:

«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասաված էր հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG