Մատչելիության հղումներ

Փոփոխությունները Ղազախստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունում անխուսափելի են


Ղազախստան - Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորում է պետության ղեկը ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, Աստանա, 20-ը մարտի, 2019թ․
Ղազախստան - Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորում է պետության ղեկը ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, Աստանա, 20-ը մարտի, 2019թ․

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստր Դարիգա Նազարբաևան այսօր միաձայն ընտրվել է այդ երկրի Սենատի խոսնակ։ Նախկին խոսնակը Սահմանադրության համաձայն ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը մինչև նոր նախագահական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն եկող տարի։

Իսկ Ղազախստանի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր առաջարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի պատվին՝ Նուրսուլթան, և խորհրդարանը արագացված կարգով համապատասխան փոփոխություններն է կատարել Սահմանադրությունում:

Բացի այդ, Տոկաևը հայտարարել է, որ մարզկենտրոնների բոլոր կենտրոնական փողոցները նույնպես պետք է կրեն Նազարբաևի անունը, ինչպես նաև Աստանայում պետք է կանգնեցնել պաշտոնաթող նախագահի արձանը։ Ղազախստանի հիմնադիր նախագահին նաև շնորհվել են ազգային հերոսի և մի շարք այլ կոչումներ։

Նազարբաևը, իհարկե, պահպանում է երկրի կառավարումն իր ձեռքերում նաև պաշտոնը թողնելուց հետո՝ նա Անվտանգության խորհրդի ղեկավարն է, իշխող կուսակցության ղեկավարը, և նրա ազդեցությունը ուժային կառույցներում դժվար է թերագնահատել, սակայն փորձագետները համարում են, որ փոփոխությունները Ղազախստանի թե՛ ներքին և թե՛ հատկապես արտաքին քաղաքականությունում անխուսափելի են։ Խոսքը հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է։ Ղազախստանի բնակչության շուրջ 20 տոկոսը ռուսներ են, և նրանք մեծամասամբ ապրում են երկրի հյուսիսային՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում։

Մոսկվայում Նազարբաևի իշխանության անցնցում փոխանցումը փորձում են դիտարկել Ռուսաստանում առաջիկայում սպասվող իրադարձությունների լույսի ներքո։ Վլադիմիր Պուտինը ղեկավարում է Ռուսաստանը 19 տարի՝ 10 տարով պակաս, քան Նազարբաևը, և Պուտինը Նազարբաևից 14 տարով երիտասարդ է, սակայն ի տարբերություն Ղազախստանի՝ Ռուսաստանի Սահմանադրությունը Պուտինին արգելում է հինգերորդ անգամ նախագահ վերընտրվել։ Նա, փաստորեն, գործող Սահմանադրության համաձայն մնալու է Կրեմլում մինչև 2024 թվականը։ Ինչպես է Պուտինը հեռանալու, հեռանալու է արդյոք, թե որևէ մեխանիզմ է մշակելու Կրեմլը, որ թույլ կտա նրան փաստացի մնալ իշխանության ղեկին, հայտնի չէ։ Բոլոր այս հարցերը նորից քննարկվում են Մոսկվայում՝ Նազարբաևի դե յուրե հեռանալու ֆոնին։

Փորձագետները, սակայն, ասում են, որ ղազախական սցենարը դժվար թե հարմար լինի Պուտինի համար։ Մոսկվայի Քարնեգի կենտրոնի կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը համարում է, թե նմանատիպ մի «ներկայացում» կլինի նաև Ռուսաստանում, պարզապես դեռ հայտնի չէ, թե երբ: Ղազախստանն էլ, ինչպես միշտ, առաջ է անցել Ռուսաստանից, ասում է Բաունովը։

Հայտնի քաղաքագետ Գլեբ Պավլովսկին, հակառակը, կարծում է, որ ղազախական սցենարը Ռուսաստանի համար չէ, և որ ընդհանրապես իշխանության փոխանցման հարց այսօր Կրեմլի օրակարգում չկա։ Պուտինը համարում է, որ իր գործը գերազանց է կատարում, որ ինքն այսօր աշխարհում գլխավոր դերակատարներից է, և չի պատրաստվում հեռանալ, ասում է Պավլովսկին:

Ղազախստանցի փորձագետ Ռասուլ Ժումալին ասում է, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Ղազախստանում տարբեր է։ Կա դժգոհություն, օրինակ, Եվրասիական միությունից, որին անդամակցությունից Ղազախստանը լուրջ օգուտներ չի ստանում, կա դժգոհություն Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունից, որից տուժում է նաև Ղազախստանը։ Մարդիկ դժգոհ են նաև Ռուսաստանից Ղազախստանի կախվածության աստիճանից։ «Չեմ կարծում, որ Տոկաևի հետ մեկտեղ Ղազախստան կգան փոփոխություններ արդեն վաղը, այդուամենայնիվ, մեզ մոտ նույնիսկ իշխանական օղակներում Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունը առկա է, և այդ մասին պարբերաբար բարձրաձայնվում է տարբեր կաբինետներում», - «Ազատության» ռուսական ծառայությանը ասել է ղազախստանցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG