Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու հրաժարական ներկայացրած Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել


Նիկոլ Փաշինյան, Նուրսուլթան Նազարբաև, 28-ը սեպտեմբերի, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ժամեր առաջ հրաժարական ներկայացրած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը:

«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում», - հայտնում է կառավարությունը։

Նազարբաևը հետխորհրդային աշխարհում ամենաերկարակյաց ղեկավարն էր: Նա Ղազախստանի ղեկավարումը ստանձնել է 1990 թվականի ապրիլին՝ նախ որպես հանրապետության կոմկուսի առաջին քարտուղար, ապա՝ Ղազախական խորհրդային սոցիալիստական հանրապետության նախագահ, իսկ ԽՍՀՄ փլուզումից և Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր դարձել է այդ հսկայական ասիական երկրի նախագահը:

78-ամյա Նուրսուլթան Նազարբաևը, սակայն, բնավ չի հեռանում քաղաքականությունից, ավելին, կարծես, կարող է շարունակել ղեկավարումն այլ ձևաչափով: Նա կմնա Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահ և «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG