Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում իշխանությունները որոնում են մահացու հարձակման կասկածյալ թուրք Գոկմեն Թանիսին


Այսօր Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 3 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, Նիդերլանդներում իշխանությունները որոնում են 37-ամյա թուրք տղամարդու՝ Գոկմեն Թանիսին:

Զինված միջադեպը տեղի է ունեցել առավոտյան քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում: Ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ կասկածյալը գնդակահարել է կանգառում կանգնած կնոջը, ապա կրակ բացել յուրաքանչյուրի ուղղությամբ, ով փորձել է նրան օգնության հասնել:

«Մենք ահաբեկչության վարկածը չենք բացառում, ճիշտ հակառակը, գնալով այն ավելի իրատեսական է դառնում», - հայտարարել է Ուտրեխտի քաղաքապետը:

Նույնն է պնդել նաև Նիդերլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յաափ Ալբերսբերգը. - «Կասկածյալը փախուստի մեջ է, և ինչպես արդեն հաղորդել ենք, մենք չենք կարող բացառել ահաբեկչական հարձակման վարկածը»:

Իրավապահները ժամեր առաջ հայտարարում էին, որ տրամվայի կանգառից բացի, կրակահերթեր են հնչել նաև քաղաքի այլ հատվածներում: Ավելի ուշ, սակայն, ոստիկանությունը հերքեց այդ տեղեկությունները: Այնուամենայնիվ, քաղաքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ հինգերորդ աստիճանի։ Դպրոցներին ու համալսարաններին հրահանգվել է փակել դռները, անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվել եկեղեցիների, մզկիթների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների մոտ:

Զինված հարձակումից անմիջապես հետո վարչապետ Մարկ Ռյուտեն արտահերթ նիստ է հրավիրել՝ ուժային կառույցների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարը փաստել է, որ իրավիճակը խիստ մտահոգիչ է, հատկապես Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա կատարված արյունալի հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 50 մարդ էր սպանվել:

«Մեր երկիրն այսօր ցնցվեց Ուտրեխտում տեղի ունեցած ահաբեկչությունից: Ոստիկանությունն ու կառավարությունը հետաքննում են՝ հստակ պարզելու, թե ինչ է կատարվել: Այս պահին հստակ է միայն, որ կրակ է բացվել տրամվայի կանգառում գտնվող մարդկանց ուղղությամբ, կան զոհեր ու վիրավորներ: Անմեղ մարդիկ բռնության զոհ են դարձել: Մեր մտքերը նրանց ու նրանց հարազատների հետ են, որոնց կյանքը գլխիվայր շրջվեց մեկ րոպեում: Մենք հիմա հնարավոր ամեն բան անում ենք հարձակման կազմակերպչին կամ կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ: Դա է մեր հիմնական խնդիրն այս պահին», - հայտարարել է վարչապետը:

Ուտրեխտը Նիդեռլանդների մեծությամբ չորրորդ քաղաքն է՝ 340 հազար բնակչությամբ:

Հարևան Գերմանիայում իշխանությունները հաղորդել են, որ խստացրել են սահմանային հսկողությունը՝ հավելյալ սահմանապահներ տեղակայելով մայրուղիների և երկաթգծերի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG