Մատչելիության հղումներ

Սահմռկեցուցիչ ահաբեկչություն Նոր Զելանդիայում


Նորզելանդացի բժիշկներն օգնություն են ցույց տալիս մզկիթում ահաբեկչական գրոհի ենթարկված մարդկանց, Քրայսթչըրչ, 15-ը մարտի, 2019թ.

Ահաբեկիչների զենքերի վրա գրություններից մեկը... հայերեն:

Վաղ առավոտյան ամբողջ աշխարհի լրատվամիջոցները լուր են հաղորդել Նոր Զելանդիայում Քրայսթչըրչ (թարգմանաբար «Քրիստոսի եկեղեցի») անվամբ քաղաքում մզկիթների վրա հարձակումների մասին:

Մեկ տասնյակից ավելի զոհ, երկու տասնյակից ավելի, և ահա վերջին թիվը՝ Նոր Զելանդիայի ոստիկանության հանձնակատար Մայք Բուշն ասել է, որ զոհվել է 49 մարդ:

«Սպանվել է 41 մարդ Ալ Նուր մզկիթում, 7-ը՝ Լինվուդի մզկիթում, մի վիրավոր էլ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Ավելի քան 20 մարդ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով բուժօգնություն է ստանում», - ասել է ոստիկանության հանձնակատարը:

Հարձակումները տեղի են ունեցել մահմեդականների ուրբաթօրյա ավանդական աղոթքի ժամանակ:

Այսօրվա գրոհը համարվում է Նոր Զելանդիայի պատմության ընթացքում ամենազանգվածային սպանդը:

Իրավապահները ձերբակալել են չորս կասկածյալի, նրանցից երեքը տղամարդ են, մեկը՝ կին, կասկածյալներից առնվազն մեկն Ավստրալիայի քաղաքացի է և Նոր Զելանդիա է ժամանել միայն այդ գրոհն իրականացնելու նպատակով:

Նա սպիտակամորթ երիտասարդ է, մոտավորապես 22-ից 28 տարեկան է, ոստիկանները նրա անունն առայժմ չեն հրապարակվում, մինչդեռ, ըստ ավստրալական մամուլի, կասկածյալը ներկայացել է որպես «Բրենթոն Թարանթ»:

Երիտասարդը հայտարարել է, որ իր թիրախը Նոր Զելանդիայի մահմեդականներն են և ներգաղթյալները:

Գրոհից առաջ նա սոցցանցում հրապարակել է 87 էջից կազմված մի «հռչակագիր», որի հիմնական թեզն իր ատելությունն ու հակակրանքն են մահմեդականների և ընդհանրապես միգրանտների նկատմամբ:

Ավելին, ահաբեկիչը հենց հարձակման գործողությունն է հեռարձակել սոցցանցով: Տեսարանն այնքան ահավոր է, որ ոչ մի լրատվամիջոց այն չի վերահեռարձակել, իսկ սոցցանցն էլ անմիջապես հեռացրել է էջից:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը Քրայսթչըրչում տեղի ունեցած գրոհն անվանել է ահաբեկչություն:

«Ակնհայտ է, որ սա ոչ միայն ահաբեկչական գրոհ է, այլև մանրամասն ծրագրված գործողություն, կասկածյալների մեքենաներում եղել է երկու պայթուցիկ, դրանք վնասազերծված են, կալանավորված է 4 կասկածյալ, նրանց ծայրահեղական հայացքները տեղ չունեն Նոր Զելանդիայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում», - ասել է Նոր Զելանդիայի վարչապետը:

Ավստրալիայի վարչապետ Սթոքոթ Մորիսոնը հաստատել է, որ գրոհայիններից առնվազն մեկն ավստրալացի է: Վարչապետն ասել է, որ Ավստրալիայի իրավապահները համագործակցում են նորզելանդացի գործընկերների հետ: Նա «նողկալի և սարսափելի» է որակել հարձակումը:

Աշխարհի տասնյակ երկրներ դատապարտել են գրոհը և ցավակցություն են հայտնել Նոր Զելանդիայի ժողովրդին:

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաղորդել է, որ Վաշինգտոնին խիստ մտահոգել է Նոր Զելանդիայի ողբերգությունը, նրա փոխանցմամբ՝ տեղի է ունեցել ատելության հողի վրա կատարված ահաբեկչություն։

Մզկիթների վրա հարձակմանն անմիջապես արձագանքել են մի շարք մահմեդական պետությունների ղեկավարներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ արևմտյան երկրները պարտավոր են միջոցներ ձեռնարկել հակաիսլամական, ռասիստական միտումներն արմատախիլ անելու համար:

«Այլապես անխուսափելիորեն կլինի Նոր Զելանդիայում տեղի ունեցածի կրկնությունը», - ասել է Էրդողանը:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը նույնպես նշել է «իսլամոֆոբիայի» հանգամանքը և Թվիթերի իր էջում գրել է, թե «ահաբեկչությունը կրոն չունի»:

Արդեն վաղը կասկածյալին կփոխադրեն դատարան, որտեղ նրան պաշտոնական մեղադրանք կներկայացնեն:

Նոր Զելանդիայում գերագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Մահապատիժ վերջին անգամ ի կատար է ածվել 1957 թվականին, իսկ 1989-ին այն պաշտոնապես չեղյալ է հայտարարվել:

Նոր Զելանդիայի գրոհի կապակցությամբ կա ուշագրավ հանգամանք՝ ահաբեկիչների կիրառած զենքերի վրա երևում են գրություններ տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, սերբերեն և հայերեն:

Գրություններն առնչվում են պատմական ճակատամարտերին, որոնք տարբեր երկրներ անցյալում մղել են Օսմանյան կայսրության դեմ: Հայերեն գրությունում հիշատակվում է Սարիղամիշի ճակատամարտը:

Թե ինչպես են գրությունները հայտնվել զենքերի վրա, ովքեր և երբ են դա արել՝ այս պահին հայտնի չէ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին փոխանցել է, որ Երևանը կապի մեջ է Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ:

Վրացիներն էլ են նորզելանդացիների հետ կապ հաստատել, փորձելով պարզել զենքերի վրա գրությունների խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG