Ռուսաստանը հայտարարում է, թե անպայման պատասխան կտա Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանած նոր հակառուսական պատժամիջոցներին:
Արտգործնախարարության երեկ տարածած հայտարարությունը նշում է` այդ քայլով Արևմուտքը շարունակում է քաղաքական կուրսը, որը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման:
Ավելի վաղ` երեկ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել էր, թե ընդարձակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները` Ազովի ծովում անցած նոյեմբերին ուկրաինական նավերի վրա հարձակման և ուկրաինացի նավաստիների ձերբակալության համար:
Ամերիկյան նոր «սև ցուցակում» են հայտնվել Ազգային գվարդիայի ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական թկիկնազորի նախկին պետ Վիկտոր Զոլոտովը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Լոստինը և Ռուսական երկաթուղիների նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը: Բոլորն էլ հայտնի են նախագահ Պուտինի հետ իրենց մերձավոր կապերով և համարվում են նրա սերտ աջակիցները:
Ամերիկյան նոր պատժամիջոցների ցանկում են նաև ֆիզիկական անձինք և ընկերություններ, որոնք պատասխանատու են Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման համար:
Ամերիկյան այս պատժամիջոցներին միացել է Կանադան:
Երեկ նաև Եվրամիությունն է նույն հարցով սահմանափակումներ մտցրել ռուսաստանցի ութ պաշտոնյաների ու զինվորականների նկատմամբ: