Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր


Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարևորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Նա նշել է, որ առաջիկայում կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որում կներգրավվեն ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:

Տարածաշրջանային հիմնահարցերի բարձրաձայնման ու արդյունավետ լուծման տեսանկյունից Վահե Էնֆիաջյանը կարևորել է յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը:

ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Էնֆիաջյանը ընդգծել է համագործակցությունը միջազգային կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում և ԵԱՏՄ-ում:

Դեսպանը ընդգծել է մի շարք ոլորտներում փոխգործակցությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը և փաստել, որ այս հարցում կա չօգտագործված զգալի ներուժ: Թիմուր Ուրազաևը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին երկու տարիներին աճել է Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը, ինչը ԵԱՏՄ-ի ունեցած դրական ազդեցության արդյունք է նաև:

Կողմերն անդրադարձել են հայ և ղազախ գործարարների միջև հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման հնարավորություններին:

Դեսպանը մանրամասներ է ներկայացրել Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության քննության ընթացքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG