Մատչելիության հղումներ

Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը


Կարեն Ղազարյան, լուսանկարը՝ ՄԻՊ գրասենյակի

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ։

Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, ի թիվս այլ թեմաների, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Արման Թաթոյանը Պատրիկ Վիալիին ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։

Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձրացրել է նաև գլխավոր հարցը, որը վերաբերում է Կարեն Ղազարյանի վերադարձին՝ հաշվի առնելով, իհարկե, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես անկախ և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, չի տանում կողմերի անունից բանակցություններ նմանատիպ հարցերով, այլ միայն ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն և իրականացնում է դրա կազմակերպական աշխատանքները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքներն այս և մյուս հարցերով։

Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտել անցած տարվա ամռանը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանը պնդում է, թե 35-ամյա Ղազարյանը հայ հետախույզ է, որին գերեվարել են դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ:

Հայկական կողմը հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական Զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG