Մատչելիության հղումներ

Ազատ համացանցի պահանջով բողոքի ցույցեր Ռուսաստանում


Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում, 10-ը մարտի, 2019թ․
Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում, 10-ը մարտի, 2019թ․

Մոսկվայի կենտրոնում երեկ անցկացվել է բողոքի բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջում էին ազատ համացանց:

Ցույցին, որն անցել է բողոքի հավաքների համար արդեն ավանդական դարձած Սախարովի հրապարակում, կազմակերպիչների գնահատմամբ՝ մասնակցել է շուրջ 15 հազար մարդ, ոստիկանների տվյալներով՝ 6,5 հազար:

Չնայած ցույցը արտոնված էր, դեռ չմեկնարկած՝ ոստիկանությունը ձերբակալել էր 28 ակտիվիստների, որոնք ցանկանում էին երկնագույն փուչիկներ բերել Սախարովի հրապարակ: Ոստիկանությունը հայտարարել էր, թե այդ փուչիկներն անօդաչու թռչող սարքեր են, և թույլ չէր տվել մասնակիցներին անցկացնել դրանք, ինչպես նաև ձերբակալել էր ակտիվիստներին: Կեսգիշերին ոստիկանությունը հայտարարել է, որ գրեթե բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Ցույցը կազմակերպել էր Ռուսաստանի ազատական կուսակցությունը, մասնակցել են նաև երկրի լիբերալ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Հավաքին մասնակցելու կոչով նախօրեին հանդես էր եկել Telegram-ը:

Բողոքի ցույցին ելույթ է ունեցել MediaZona ինտերնետային պարբերականի գլխավոր խմբագիր Սերգեյ Սմիրնովը՝ հայտարարելով, թե այսօր Ռուսաստանում իշխանության են մարդիկ, որոնք ապրում են անցած դարի 70-ականների գաղափարներով, «սառը պատերազմի» գաղափարներով, ովքեր իսկապես համոզված են, որ ինտերնետը ստեղծել են Արևմուտքում՝ ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին տիրանալու համար: Սակայն անցյալի մարդիկ որևէ շանս չունեն հաղթելու ապագայի մարդկանց, շեշտել է Սմիրնովը, և հենց սա էր երեկվա բողոքի հավաքների ընդհանուր տրամաբանությունը:

«Ձեռքներդ հեռո՛ւ համացանցից» կարգախոսը վանկարկող ցուցարարների դժգոհության պատճառը «Ինքնիշխան համացանցի մասին» օրինագիծն է, որն անցած ամիս Պետդումայում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցույցի մասնակիցներն իրենց ելույթներում պահանջում էին չեղարկել օրենքը և կոշտ քննադատության էին ենթարկում դրա հեղինակներին, ովքեր պնդում են, որ Ռուսաստանում անհրաժեշտ է սահմանափակել արտասահմանյան սոցիալական ցանցերն ու այլ կայքեր՝ դրանով նվազեցնելով օտար երկրների ազդեցությունը:

Ռուսական համացանցը մեկուսացնելու դեմ բողոքի ցույցեր երեկ անցկացվել են նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG