Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավտոնոմ համացանցի մասին օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


Ավտոնոմ ինտերնետը Ռուսաստանում իրականություն է դառնում. Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է «Ինքնիշխան համացանցի մասին» օրինագիծը:

Այս օրինագիծը նախատեսում է, որ Ռուսաստանը պետք է ունենա իր սեփական համացանցը՝ ավտոնոմ, որը կապ չի ունենա համաշխարհային ինտերնետի հետ:

Թե ինչ գումար է Ռուսաստանը պատրաստվում ծախսել այս անհավանական նախագիծն իրականացնելու համար, հասկանալի չէ: Նախագծի հեղինակներից մեկը՝ Լյուդմիլա Բոկովան ասել է, թե հավելյալ գումար պետք չի լինի հատկացնել, քանի որ այդ միջոցները նախատեսված են արդեն 2021 թվականի բյուջեում: Կոնկրետ գումար պատգամավորը չի նշել:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ ծրագրի վրա նախատեսված է ծախսել շուրջ 1,8 միլիարդ ռուբլի: Ավելի վաղ հնչել էր ավելի մեծ գումար՝ 20 միլիարդ ռուբլի:

Օրինագիծը Պետդումա են ներկայացրել երեք պատգամավորներ՝ Անդրեյ Կլիշասը, Լյուդմիլա Բոկովան և հատուկ ծառայությունների նախկին սկանդալային գործակալ Անդրեյ Լուգովոյը:

Այս նախագիծը, հեղինակների խոսքով, թույլ է տալիս այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք կապահովեն ռուսական ինտերնետ ռեսուրսների անխափան աշխատանքը, եթե հանկարծ որոշեն Ռուսաստանը անջատել համացանցից:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ իշխանությունների այս նախաձեռնության հիմքում անհրաժեշտության դեպքում համացանցից եկող վտանգը չեզոքացնելն է, և սրա մասին Ռուսաստանի իշխանությունները սկսել են մտածել, երբ արաբական երկրներում սկսվել էր բողոքի շարժումը՝ «արաբական գարունը»:

Ռուսաստանը առաջին երկիրը չէ, որ ցանկանում է գնալ նման քայլի: Նմանատիպ մոդել գործում է, օրինակ, Չինաստանում և Հյուսիսային Կորեայում:

Փորձագետները, այդուհանդերձ, կարծում են, որ արդյունավետ պայքարել համացանցի դեմ Ռուսաստանի իշխանություններին չի հաջողվի: Չինաստանը նման մոդել ստեղծելու համար հսկայական գումարներ է ծախսել և ստեղծել է արևմտյան ինտերնետ հարթակները լիովին փոխարինող սեփական հարթակներ: Ռուսաստանը չունի նման հնարավորություն՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական առումներով, ավելի վաղ «Մեդուզա»-ին ասել էր «Ռոսկոմսվոբոդա»-ի տեխնիկական տնօրեն Ստանիսլավ Շակիրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG