Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր դիմել Կոնգրեսին՝ 2020 թվականի ֆինանսական տարում լրացուցիչ 8 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացնելու Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկու աղբյուր:
Այդպիսով Թրամփը ավելի քան 50 տոկոսով ավելի շատ գումար է պահանջում, քան 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում էր պահանջել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով, և վեց անգամ ավելի, քան Կոնգրեսն է համաձայնել հատկացնել սահմանի անվտանգության ամրապնդմանը:
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարի Քուդլոն Fox News Sunday-ի հետ զրույցում հաստատել է, որ նախագահ Թրամփը մտադիր է դիմել Կոնգրեսին, և հավելել է, որ հավանաբար այդ ծախսերի պատճառով օրենսդիր մարմնում «պատերազմ» կլինի:
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է: Տարեվերջին այդ ծրագիրն իրականացնելու համար Սպիտակ տան ղեկավարը դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսից ավելի քան 5 միլիարդ դոլար էր պահանջում, շաբաթներ տևած բանակցություններից հետո օրենսդիր մարմինն ի վերջո համաձայնել է տրամադրել միայն այդ գումարի մի մասը՝ 1 միլիարդ 300 միլիոն, այն էլ՝ սահմանի անվտանգության ամրապնդման նպատակով: Չստանալով իր պահանջած գումարը՝ Թրամփը Մեքսիկային սահմանակից շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել, ինչը նրան հնարավորություն է տալիս հարևան երկրի հետ պատի կառուցման համար անհրաժեշտ միլիարդները վերցնել կառավարության պահուստային ֆոնդերից, որոնք նախատեսված են ռազմական ծախսերի, բնական աղետների կամ դժբախտ պատահարների համար:
«Մենք ենթարկվում ենք թմրանյութերի, հանցախմբերի ու մարդկանց ներխուժումների: Դա անընդունելի է», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:
Սակայն Թրամփի այդ փորձերն էլ կարող են ձախողվել, քանի որ Ամերիկայի 16 նահանգներ՝ այդ թվում Կալիֆորնիան և Նյու Յորքը, դիմել են դատարան՝ նախագահի հայտարարած արտակարգ դրությունը արգելափակելու պահանջով: Հայցվորները պնդում են, որ նախագահն իրավունք չունի այլ նպատակների համար նախատեսված գումարները ներգրավել պատի կառուցման համար: