Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսն ի վերջո հաստատեց բյուջեի նախագիծը՝ առանց սահմանային պատի համար միջոցների


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ամիսներ շարունակված թեժ բանավեճերից ու ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունից» հետո՝ երեկ Կոնգրեսը ի վերջո հաստատեց այս տարվա բյուջեի նախագիծը:

Նախագահի՝ այսօր սպասվող ստորագրությունից հետո արդեն կառավարության համար աշխատող 800 հազար ամերիկացիները կարող են հանգիստ շունչ քաշել՝ մասնակի սառեցում ու հարկադիր պարապուրդ չի լինի: Մտահոգվելու հերթը հիմա նախագահ Թրամփինն է, ով այդպես էլ չստացավ իր ցանկացած 5,7 միլիարդ դոլարը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:

Սենատում և Ներկայացուցիչների պալատում ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը այդ գումարի միայն մեկ քառորդը՝ 1,3 միլիարդն է հատկացրել, այն էլ՝ ոչ թե պատի կառուցման, այլ սահմանի անվտանգությունն ամրապնդելու համար: «Սա ոչ նախագահի պարտությունն է և ոչ էլ դեմոկրատների հաղթանակը, այլ՝ քայլ ճիշտ ուղղությամբ», - քվեարկությունից առաջ հայտարարեց հանրապետական Ջոն Ռութերֆորդը:

«Սա այն օրինագիծը չէ, որ ես կգրեի, ոչ էլ, թերևս մեկը, որ կներկայացնեին մեր ընդդիմադիր ճամբարի գործընկերները: Սակայն, մենք վերջապես գտանք փոխզիջումային տարբերակ, որը Կոնգրեսը պատրաստ է ընդունել, նախագահն էլ, ինչպես արդեն ակնարկել է՝ ստորագրել», - ասաց Ռութերֆորդը:

Սենատում Թրամփի կուսակից հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն արդեն հայտարարել է՝ թեև Կոնգրեսում ընդունված բյուջեի նախագիծը հեռու է Թրամփի պատկերացումներից ու ցանկություններից, նախագահը խոստացել է այն ստորագրել: Դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է պատի կառուցման գաղափարից:

«Ես առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսելու և կուզեի տեղեկացնել իմ գործընկերներին՝ նա ակնարկեց, որ պատրաստ է ստորագրել բյուջեի այս նախագիծը, միաժամանակ՝ մտադիր է արտակարգ դրություն հայտարարել», - նշեց ՄըքՔոնելը:

Արտակարգ դրությունը փաստացի նշանակում է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է վիճահարույց պատի կառուցման համար անհրաժեշտ միլիարդները վերցնել կառավարության պահուստային ֆոնդերից, որոնք նախատեսված են ռազմական ծախսերի, բնական աղետների կամ դժբախտ պատահարների համար:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Սպիտակ տունը մի քանի աղբյուր է դիտարկում, որոնցից մեկը կարող է լինել Պուերտո Ռիկոյում և տասնյակ այլ նահանգներում՝ այդ թվում Կալիֆորնիայում և Տեքսասում անցած տարի տեղի ունեցած տարերային աղետների համար հատկացված 13 միլիարդ դոլարը: Թեև տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն Տեքսասից ընտրված օրենսդիրները, այդ թվում՝ Թրամփի կուսակիցները, շտապել են զգուշացնել՝ դա անթույլատրելի սխալ կլինի և լուրջ դժգոհություններ կբորբոքի մեկուկես տարուց սպասվող ընտրությունների շեմին:

Նշվում է, որ նախագահը կարող է պատը կառուցել նաև ռազմական շինարարության համար նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին: Այդ դեպքում էլ, սակայն, այլ խնդիր կա՝ Թրամփը պետք է կարողանա հիմնավորել, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը բխում է ամերիկյան զինուժի շահերից, քանի որ, ըստ օրենքի, այդ ֆոնդի միջոցները կարող են ծախսվել միայն հօգուտ բանակի: Ընդ որում, արդեն իսկ ակնհայտ է, որ ինչ հիմնավորում էլ ներկայացնի Սպիտակ տունը, գործը հեշտությամբ գլուխ չի գալու:

Դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որևէ հիմք չկա, և նախագահի նման որոշման դեպքում իրենք կդիմեն դատարան: «Արտակարգ դրության իրավիճակ չկա, դա Թրամփի հերթական ստերից մեկն է», - հայտարարեց Ֆլորիդայից ընտրված Դեբբի Վասերման Շուլցը:

«Ես չեմ կարող լուռ նստել, երբ նախագահը սպառնում է արտակարգ դրություն հայտարարել՝ իր անիմաստ նախաձեռնությունը, սահմանային պատը կառուցելու համար: Կոնգրեսը շրջանցող այդ ամոթալի քայլը հիմնված է ստի և մոլորության վրա: Նախագահը պատրաստվում է գողանալ այն միջոցները, որ նախատեսված են մեր խիզախ զինվորների համար, և վատնել դրանք՝ ժխտելով խոստումը, թե իբր Մեքսիկան էր վճարելու դրա համար», - ասաց Շուլցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG