Մատչելիության հղումներ

Անտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե չի բանակցում հիմնական հակամարտող կողմերից մեկը. Շավարշ Քոչարյան


Բաքուն ամեն գնով ձգտելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցային կողմ, չներգրավվի բանակցություններում, այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Քոչարյանը սակայն նշեց՝ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը։

«Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցության սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասենք, ձողը՝ մեխը քանդվելու է։ Սա է պատճառը, որ նա, բնականաբար, դիմադրելու է։ Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ դա, այդ թվում՝ միջազգային հանրության շարքերում, պարտադրվի Ադրբեջանին, որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտողներն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է», - ասաց Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի ժողովրդի անունից, բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի ժողովրդին պետք է ներկայացնի տեղի ընտրված իշխանությունը և որ այժմ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ:

Պաշտոնական Բաքուն, սակայն, այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ ժամանակ չվատնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափ գտնելու վրա:

«Առանց ԵԱՀԿ անդամ պետությունների փոխհամաձայնության անհնար է փոխել խնդրի կարգավորման ձևաչափը, որը հաստատվել է 1992 թվականին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Հելսինկիում կայացված որոշմամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն ու պնդել, թե այդ փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները՝ «շահագրգիռ կողմեր»:

Շավարշ Քոչարյանն` արձագանքելով այս հայտարարությանն, այսօր ասաց, որ ԼՂ լիարժեք մասնակցությունը ֆորմատի փոփոխություն չէ։

«Կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության հետ դա ֆորմատի փոփոխություն չի, առ այսօր համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաև այցեր, խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե դա լինի անուղղակի՝ միջնորդված, կամ այցերով, երբ որ խոսում են առանձին Արցախի հետ, այլ ոչ թե ինքը լիարժեք մասնակցում է, այդ տեսակետից դա ֆորմատի փոփոխություն չի», - ասաց փոխարտգործնախարարը։

Քոչարյանը նաև նշեց՝ քանի Ղարաբաղը չկա բանակցություններում, բանակցություններում որևէ տեղաշարժ անհնարին է։

«Երբ որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կողմից, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, դա խոսում է այն մասին, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որ լինեն արդյունավետ բանակցություններ, այլ ոչ թե մինչ այդ եղել է՝ բանակցություններ բանակցությունների համար, էդ ընթացքում Ադրբեջանն իր ռազմական սպառազինություններն է ավելացնում, էդ ընթացքում իրականացնում է իր քարոզչությունը։ Այսինքն՝ Ղարաբաղի մասնակցությունը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանն իրոք ցանկանում է հարցի կարգավորում։ Քանի ինքը դիմակայում է, ուրեմն չի ցանկանում», - ասաց փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG