Մատչելիության հղումներ

Ջանքեր ենք գործադրում, որպեսզի 1994-ին արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի. Փաշինյան


«Արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ է արդյունավետ բանակցային ֆորմատ», - այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այժմ ջանքեր են գործադրվում, որպեսզի 1994 թվականին գործող բանակցային գործընթացը, որին իբրև լիարժեք կողմ մասնակցում էր նաև Ղարաբաղը, վերականգնվի։

«Մենք շատ կարևոր ենք համարում արձանագրելը, որ բանակցությունները արդյունավետ դարձնելու համար պետք է լինի արդյունավետ ֆորմատ քննարկման, և այդ ֆորմատն, ըստ էության, գոյություն ունի, և այդ ֆորմատը ճանաչվել է 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բնականաբար», - նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հարցին, որ Բաքուն այժմ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե, ընդհանուր առմամբ, կան նման գնահատականներ, բայց իր գլխավորած կառավարության դիրքորոշումը չի փոխվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Փաշինյանը շեշտեց՝ ի սկզբանե հայտարարել են, որ լինելու են իրավիճակին համարժեք:

«Դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր նաև այդ պահի իրավիճակի գնահատականի հետ, և այդ հայտարարության էությունը հետևյալն էր՝ ես ասեցի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար, և ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունը այնքան էլ հեշտ հայտարարություն չի։ Ինչի՞ համար է արվել այս հայտարարությունը և ի՞նչ նպատակ է ունեցել՝ այս հայտարարությունը արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանը, ըստ էության, արել է առաջին քայլը այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից։ Ցավոք սրտի, մինչև այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում, և ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության, հնարավորության մասին», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով. - «Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար։ Մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ ադեկվատ իրավիճակին»։

Արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, թե պատրաստ են բարձր ինքնավարություն տալ Ղարաբաղին, Փաշինյանն ասաց, թե Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և պետք է օգտվի իր այդ իրավունքից:

«Բարձր աստիճանի ինքնավարությունն ի՞նչ է նշանակում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և պետք է կարողանա այդ ինքնորոշման իրավունքից օգտվել։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պիտի տեղի ունենա լուծումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը արձանագրված է», - ասաց Փաշինյանը։

Ազգայն ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին, ով վերջերս Գյանջայի ծանր հանացագործությունների դատարանի կողմից դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ի՞նչ է արվում Կարենին հայրենիք վերադարձնելու համար, շեշտելով, որ նա պահվում է խիստ ռեժիմի պայմաններում, ինչին երկար դիմանալ չի կարող:

Հարցին պատասխանող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հորդորեց ճիշտ բնորոշում տալ՝ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված, այլ ձերբակալված է, շեշտելով, որ Հայաստանի քաղաքացին ապօրինաբար է գտնվում անազատության մեջ, և նրան վերագրվող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Բաքվի պնդմամբ՝ Կարենին գերեվարել են անցած տարվա հուլիսին՝ դիվերսիոն ներթափանցման փորձի կասեցման ժամանակ։ Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական Զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ:

«Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել, և հիմա այդ գանգատը քննվում է, ու Հայաստանի Հարապետությանը անպայման կծանուցվի, ու Հայաստանի Հանրապետությունը կներգրավվի որպես երրորդ կողմ։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործադրում է, օգտագործում է բոլոր գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը ապահովվի և երաշխավորվի, միևնույն ժամանակ ամեն ինչ արվում է նրան վերադարձնելու համար հայրենիք», - նշեց Արտակ Զեյնալյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են հանրությունից գաղտնի պահվում, Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը հյուրանոց նվիրելու դրդապատաճառները, ո՞վ է որոշել, որ նա կարող է, հյուրանոց նվիրաբերելով, ազատվել պատասխանատվությունից: Բաբաջանյանը նույն հարցը ուղղեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված, ում, ի դեպ, ԱԱԾ-ը թույլատրել է որոշակի ժամանակով հեռանալ Հայաստանից:

«Ո՞վ կամ ովքե՞ր և ի՞նչ չափորոշիչներով են որոշել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը պետք է հատկապես 18,5 կամ 30 միլիոն դոլար նվիրաբերի պետությանը ու այս օրերին հանգիստը վայելի Իսպանիայում», - հարցրեց Բաբաջանյանը։

«Ինձ հայտնի չի դեպք, երբ որ ինչ-որ մեկը, Ձեր ասածի նման, վճարում է արել և ազատվել է պատասխանատվությունից։ Կարող եմ մի բան ասել՝ Ձեր ասած շրջանակի ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի, որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, և բացառվում է, որ կուլիսային ինչ-որ գործարքներ տեղի ունենան», - պատասխանեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG