Մատչելիության հղումներ

Ամիրյան 18-ում տեղի ունեցած միջադեպը պետք է դառնա պատշաճ քննության առարկա. ՄԻՊ-ը գրություն է հասցեագրել Ոստիկանություն


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն` Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։

ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է, որ ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքն՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

«Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝

• Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները․

• Մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունը պետության մեջ ենթակա է անվերապահ պաշտպանության: Այն երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար․

• Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․

• Նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իրավասության սահմաններում հետևողական է լինելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ ոստիկանության, մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր գրել Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն:

Մալյանը նշել է, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամները։ Իր հերթին, «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։

Տեղի ունեցած միջադեպի փաստով Դատախազությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG