Մատչելիության հղումներ

Ամիրյան փողոցում միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Գիշերը Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի փաստով Դատախազությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները գործով առայժմ կարգավիճակ չունեն:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ամիրյան փողոցի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Միջադեպի մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է գրել Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն:

Մալյանը նշել է, որ իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամները։ - «Մոտ 14 հոգով եկան, տեսան ու սպանեցին ինձ։ Խնդրում եմ ժողովուրդ, սովորեցրեք ինձ 14 հոգով մարդ տենալու ու ոչինչ չանելու նուրբ արվեստը։ Իրանք տենց հանրային աջակցության հուշերով ապրում են, որ հեսա միտինգ կանենք, էս կանենք, մեր ուզած ձևով քվեարկեք խորհրդի նիստերին, էս արեք, էն արեք, որը արդեն չի ստացվում, որը արդեն ծիծաղ է հարուցում»։

Իր հերթին, ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հասցեին հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները իրենց տեսագրությանը կցած հայտարարությունում նշում են, որ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու և որ ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։ «Ռեստարտ»-ի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու։

«Նարեկ Մալյանին մենք երբեք ոչ մի հայհոյանք չենք տվել, նրան մենք բռնության չենք ենթարկել ու չենք էլ ենթարկելու։ Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ բռնությունը երբեք Հայաստանում չի ընդունվելու։ Այո, մենք նշել ենք արդեն, որ մենք գործողություն իրականացնելուց հետո, աղբը իր տեղում տեղադրելուց հետո գնալու ենք ոստիկանություն, բայց ոստիկանությունը ավելի շուտ եկավ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այս հարցը դարձնեն քաղաքական, որքան էլ որ ցանկանան», - ասաց Դավիթ Պետրոսյանը։

Մալյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում նաև ասել է. «Ոստիկանության պահվածքն է ինձ շատ հետաքրքիր։ Ոստիկանությունում համոզում էին, որ ես հայտարարություն տամ, որ ինձ ծեծել են, ինչը տեղի չէր ունեցել, ինձ չեն ծեծել, բայց քանի որ ծեծը տուգանքով է սահմանափակվում, իրենք վիզ էին դրել, որ ես գրեի ծեծել են։ Չեն ծեծել ինձ, հիմա գրեմ ծեծե՞լ են, շառ անե՞մ էդ մարդկանց վրա։ Ավելին ասեմ, 14 հոգով ոչ մի բան չեն արել, եկել են գիշերով ու տենց գնացել են»։

Միջադեպին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքում գրելով․ - «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:

Հիշեցնենք, անցած շաբաթ Երևանի պետական համալսարանում անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցնելու հարցն էր։ Նիստը չեղյալ համարվեց, քանի որ Հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց օրակարգը։

«Ռեստարտ» նախաձեռնությունը հանդես է գալիս համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով։ Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում Նարեկ Մայլանը բողոքի ակցիա էր անցկացրել՝ մանրադրամներ դնելով խորհրդի անդամների սեղանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG