Մատչելիության հղումներ

Էներգետիկ ստատուս քվոն, որը վատագույնն է Հայաստանի համար, խախտելու քաղաքական որոշում է կայացվել. քաղաքագետ


Գազի հարցում ակնհայտորեն Հայաստանին չեն կարող բավարարել այն պայմանները, որոնք թելադրվում են գազային ու էներգետիկ քաղաքականության ոլորտում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Քաղաքագետի համոզմամբ, էներգետիկ ստատուս քվոն, որը վատագույն ստատուս քվոն է Հայաստանի համար, խախտելու քաղաքական որոշում է կայացվել։

«Այն բառերը, որոնք մենք լսեցինք, որ Հայաստանի ճակատագիրն այլևս չպետք է որոշվի հյուսիսներում, արևմուտքներում, հարավներում և արևելքներում, սերտորեն կապված է այն մոտեցման հետ, որը Հայաստանի նոր իշխանությունն ունի բոլոր տեսակի քաղաքականությունների առումով։ Ինչո՞ւ եմ սա ընդգծում՝ որովհետև ակնհայտորեն գազի հարցում էլ Հայաստանը չի կարող բավարարվել այն պայմաններին, որոնք թելադրվում են գազային ու էներգետիկ քաղաքականության ոլորտում, և ակնհայտորեն Հայաստանի վարած քաղաքականություններն անցած տասնամյակներում չես համարի ինքնիշխան քաղաքականություններ։ Մենք միգուցե ստիպված ենք եղել տարբեր պատճառներով համակերպվել մեզ առաջադրված պայմանների հետ, բայց վարչապետի և, ընդհանուր առմամբ, նոր Հայաստանի մոտեցումն այս ամենին նա է, որ Հայաստանը ոչ թե այսպես նստելու է անճարի կարգավիճակում, թե իրեն ինչ են առաջարկում տարբեր տեղերից, այլ ճակատագրի ղեկն, ինչպես վարչապետն ասաց, իր ձեռքն է վերցնում, և այս առումով էներգետիկ այս ստատուս քվոն, որը թերևս վատագույն ստատուս քվոն է Հայաստանի համար, խախտելու քաղաքական որոշում է կայացվել», - ասաց Սաֆարյանը։

Փետրվարի 27-ին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել, լինել իրանական գազի տարանցիկ երկիր, և այս հարցի լուծման համար քաղաքական կամքն առկա է:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նկատեց՝ 2004-2005 թվականներին, երբ կառուցվում էր հայ-իրանական գազամուղը, Վրաստանը գրեթե բաց տեքստով էր Հայաստանի հետ խոսում գազի տարանցման մասին, իսկ Հայաստանն այդ ժամանակ այս գաղափարը մերժեց։

«Վրաստանը գրեթե բաց տեքստով էր խոսում այդ մասին, Վրաստանի վարչապետն առաջարկում էր Հայաստանին, բայց այն ժամանակ Հայաստանն այդ տարանցման գաղափարը մերժեց, և ոչ միայն մերժվեց գաղափարը, այլ նաև խողովակը նույնիսկ նեղացավ, և այս առումով շատ կարևոր է, որ ամենաբարձր մակարդակով, և հատկանշական է, որ պաշտոնական երկու նախագահների համատեղ հայտարարությանն է դա հնչում՝ վկայելով, որ հայ-իրանական օրակարգում այդ հարցն արդեն կա», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Շատ կարևոր է, օրինակ, որ այդ ուղերձը հնչում էր վարչապետի Բրյուսել կատարելիք այցից առաջ, որովհետև, եթե տարանցիկ մեխանիզմ ենք դիտարկում, այստեղ շահագրգիռ վերջնակետերից մեկը Եվրոպան կարող է լինել, և այս առումով, Հայաստանը, Եվրոպա այցից առաջ, իր պատրաստակամությունն է արտահայտում քննարկել այս հարցը։ Ինչպիսի՞ ազդակ կգա Եվրամիությունից՝ սա գուցե լինի Բրյուսելում քննարկումների առարկա, չլինեն հայտարարություններ, բայց հարցը քննարկվի»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին մեկնել է Բրյուսել։ Այցի շրջանակում նա բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG