Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր


Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում: 27-ը փետրվարի, 2019 թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում: 27-ը փետրվարի, 2019 թ․

«Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր», - այսօր Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ», - Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է Փաշինյանը:

Շարունակելով գազի թեման՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է․ - «Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»:

Գազի մասին ոչ պակաս ուշագրավ հայտարարություն է արել Իրանի նախագահը․ - «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:

Հասան Ռոհանին նաև հայտարարել է, թե Թեհրանը պատրաստակամ է մասնակցել հայաստանյան «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին․ - «Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն»:

Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Իրանի նախագահը ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները լավ են և այսօրվա բանակացությունները արդյունավետ են անցել:

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության օրոք ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որը ներկայումս վավերացման գործընթաց է անցնում միության անդամ երկրների խորհրդարաններում:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատում ողջունելով երկօրյա պաշտոնական այցով Իրան ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ըստ էության, ողջունել է հայաստանյան թավշյա հեղափոխությունը՝ նշելով․ - «Շնորհավորում եմ ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր․ - «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել»:

Այսօր Թեհրանում կայացած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում նաև ստորագրվել է երկու երկրների միջև համագործակցության երկու հուշագիր:

Հայաստանյան թավշյա հեղափոխությունից և վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Փաշինյանի առաջին այցն է Իրան Իսլամական Հանրապետություն, որի հետ Հայաստանի առևտուրը անցած տարվա արդյունքներով հասավ ռեկորդային մակարդակի՝ 363,6 միլիոն դոլարի, ինչը 2017 թվականի համեմատ ավելին է 40,5 տոկոսով և ամենաբարձր ցուցանիշն է 1991 թվականից ի վեր:

Թեհրանում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Անցած տարի հոկտեմբերին իր հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Ազատությանը» հետ զրույցում հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա, պատասխանել էր․ - «Ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի»:

Վերադառնալով Հայաստանի վարչապետի իրանական այցին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայցելի նաև «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին, իսկ վաղը Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG