Մատչելիության հղումներ

Փաշինյանի ուղերձը Հայաստանի պետականության բարոյաքաղաքական վերականգնման ուղերձ էր. Քաղաքագետ


Քաղաքագետ Հակոբ Բադալյան, արխիվ
Քաղաքագետ Հակոբ Բադալյան, արխիվ

2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը չափազանց կարևոր էր, բովանդակությամբ՝ դիպուկ և ընդգրկուն, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ողբերգական տարելիցի առիթով ուղերձը գործնականում Հայաստանի հետանկախական, նախորդ քառորդդարյա քաղաքական գնահատականն էր, մեծ հաշվով՝ նախկին երեք նախագահների գործունեության քաղաքական գնահատականը, բայց ոչ թե անձնավորված իմաստով, այլ ընդհանրապես համակարգային իմաստով։ Քաղաքական բռնությունների մասին այդ շեշտադրումները շատ կարևոր գնահատական էին պարունակում նաև ապագայի համար պատասխանատվության տեսանկյունից։ Այս իմաստով ուղերձը ուներ շրջադարձային նշանակություն ընդհանրապես Հայաստանի քաղաքական զարգացման տեսանկյունից, և կարող եմ այսպես բնորոշել, որ դա Հայաստանի պետականության բարոյաքաղաքական վերականգնման ուղերձ էր», - ասաց Հակոբ Բադալյանը։

Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, երեկ ներողություն խնդրեց տասը զոհերից: 2008-ին ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ով 2018֊ի ապրիլյան հեղափոխության արդյունքում այսօր երկրի վարչապետն է, վստահեցրեց՝ վերադարձ անցյալի բարքերին չի լինելու:

«Արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն», - երեկ հայտարել է վարչապետը։

Պետության անունից 10 զոհերից ներողություն խնդրելը մի բան էր, որը Փաշինյանի անմիջական պատասխանատվության ներքո չէր։ Ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Նա պետության ղեկավար է ընդամենը վերջին, մոտավորապես 1 տարվա ընթացքում, բայց նա՝ ստանձնելով պատասխանատվությունը և ներողություն խնդրելու համարձակությունը, գործնականում ցույց տվեց, որ այստեղ գնահատականը և խնդիրները պետական մակարդակով են գիտակցված և քաղաքական որևէ ուժի սեփական դաշտում չեն և քաղաքական շահարկումների ենթակայության դաշտում չեն», - ընդգծեց Բադալյանը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ընդգծում է՝ Փաշինյանի ուղերձի կարևորությունը հետևյալն էր. ֊ «Վերադարձ անցյալի բարքերին չի լինելու»։

«Քանի որ Մարտի 1-ի իրադարձությունների բուն պատճառը ահավոր ընտրակեղծիքներն էին, ապա շատ կաևոր է նաև, որ սրանից հետո երբեք ընտրակեղծիքներ տեղի չունենան, այսինքն չլինեն նաև այդպիսի իրադարձությունների նախադրյալներ։ Կարծում եմ՝ սա էր հիմնական ասելիքը և կարծում եմ՝ շատ կարևոր է, որ սա պետական մակարդակով ասվեց։ Մնում է, որ սա ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի և այնպես լինի, որ նման բաների կրկնությունների բացառումը լինի ոչ թե պետության առաջին դեմքի բարի կամքի արտահայտություն, այլ պարզապես հնարավոր չլինի՝ հաշվի առվելով օրենքները, համակարգի փոփոխությունը և այլն», - ասաց Արմեն Բաղդասարյանը։

Նախկինում գործում էր մի համակարգ, որի տարիների գործունեության հետևանքն էր Մարտի 1-ը և իրատեսական չէր ակնկալել, որ օրերից մի օր նախկին իշխանությունները նման ուղերձով հանդես կգան, նկատում է Հակոբ Բադալյանը։ ֊ «Մարտիմեկյան արյունալի իրադարձություններին նվիրված երեկվա երթը կարևոր էր ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու տեսանկյունից», ֊ ասում է նա։

«Երթը նաև պետականության և ինքիշխանության ուղերձն է ոչ միայն հայությանը, այլև ընդհանրապես Հայաստանի գործընկեր բոլոր միջազգային սուբյեկտներին, կենտրոններին, կառույցներին։ Այլևս գործ ուենք բոլորովին նոր Հայաստանի հետ, որը քաղաքական գնահատական և արժևորում է տվել իր անցյալին, պատասխանատվություն է ստանձնել իր անցյալի առաջ և ըստ այդմ, նաև պատասխանատու է բոլորովին այլ որակով ապագա կառուցելու համար», - նշեց Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG