Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ Երևանում բազմամարդ երթ անցկացվեց ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի


Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում բազմամարդ երթ անցկացվեց ի հիշատակ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի:

Երթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից, անցավ Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ:

Երթին մասնակցում էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու նրա տիկինը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Մյասնիկյանի արձանին և հարգանքի տուրք մատուցեց բոլոր զոհերի հիշատակին:

Ավելի վաղ իր մարտիմեկյան ուղերձում վարչապետը փաստել էր՝ «Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»:

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG