Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը պառակտվում է


Վրաստան - «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը նիստ է անցկացնում, Թբիլիսի, 2-ը փետրվարի, 2019թ․
Վրաստան - «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը նիստ է անցկացնում, Թբիլիսի, 2-ը փետրվարի, 2019թ․

Վրաստանի իշխող կուսակցության պառակտումը թափ է հավաքում: Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք»-ը լքելու մտադրության մասին է հայտարարում արդեն վեցերորդ պատգամավորը՝ Կոբա Նարչեմաշվիլին:

«Այս թեմայի շուրջ խմբակցության ներսում ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են, և անձամբ ես կարծում եմ, որ եթե թիմի ներսում կան բարոյական և քաղաքական հակասություններ, ապա այդ խմբում մնալը ճիշտ չէ», - ասել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ առաջիկայում պաշտոնապես կհայտարարի հեռանալու մասին:

Պատգամավոր Նարչեմաշվիլին նշել է, որ մտադիր է միանալ նախկին թիմակից Էկա Բեսելիային, ով առաջինն է հեռացել կուսակցությունից՝ դատական համակարգի բարեփոխումների շուրջ ներքին տարաձայնությունների պատճառով: Բեսելիայից հետո ևս 4 պատգամավորներ դիմում են ներկայացրել կուսակցությունից հեռանալու մասին, ինչի պատճառով իշխող կուսակցությունը զրկվել է խորհրդարանում ունեցած սահմանադրական մեծամասնությունից:

Իշխող քաղաքական թիմի պառակտման պատճառը դատական համակարգի փոփոխություններն են, մասնավորապես՝ պատգամավորների հաստատմանը ներկայացված դատավորների 10 թեկնածուների ցանկը: «Վրացական երազանք»-ի պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է այդ թեկնածուներից մի քանիսին, ովքեր աշխատել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք և կատարել նրա քաղաքական պատվերները:

Իշխանական պատգամավորները ի վերջո բացահայտ առճակատման դուրս եկան, երբ թիմակիցները հրաժարվեցին փոխել օրենքը և դատավորների ցմահ նշանակումը փոխարինել երեք տարով:

Ի նշան բողոքի՝ անցած շաբաթվանից «երազող» պատգամավորները մեկը մյուսի հետևից հեռանում են միլիարդատեր Իվանիշվիլիի թիմից:

Վրաց փորձագետներից շատերի համոզմամբ՝ դատական համակարգի խնդիրները ընդամենը պատրվակ էին «Վրացական երազանք»-ը լքողների համար: Նրանք կարծիք են հայտնում, թե այդպիսով Բիձինա Իվանիշվիլին վերադասավորումներ է անում 2020 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մասնավորապես «բաժանում և իշխում է» կամ իր իսկ կողմից վերահսկվող ընդդիմություն է փորձում ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG