Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ի միանգամից չորս պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության ակունքներում կանգնած Էկա Բեսելիան, հեռացել են խմբակցությունից:
Պատգամավորները հայտարարում են, թե ցանկանում են նոր և անկախ քաղաքական ուժ հիմնել՝ 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Փորձագետները, սակայն, պնդում են, որ իրական պատճառը «Վրացական երազանք»-ում առկա խորը տարաձայնություններն են:
Որոշումից առաջ՝ նախօրեին, խորհրդարանը, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք»-ը, դեմ էր քվեարկել Էկա Բեսելիայի և նրա աջակիցների հեղինակած օրինագծին, որն առաջարկում էր դադարեցնել դատավորների անժամկետ նշանակումը: «Ես իմ կուսակիցների հետ երկխոսության որևէ հնարավորություն այլևս չեմ տեսնում, մենք այժմ բոլորովին այլ արժեքներ ենք դավանում», - հայտարարել է Բեսելիան:
Հաղորդվում է, որ այս դեմարշից հետո կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա երկուշաբթի օրը խմբակցության փակ նիստ է անցկացնելու: