Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին ներքին տարաձայնությունների շուրջ հանդիպումներ է անցկացնում կուսակիցների հետ


«Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այս օրերին հանդիպումներ է անցկացնում կուսակիցների հետ ներքին տարաձայնությունների շուրջ, որոնց հետևանքով իշխող ուժն արդեն կորցրել է խորհրդարանում ունեցած սահմանադրական մեծամասնությունը:

Անցած օրերին միանգամից երեք պատգամավորներ՝ Էկա Բեսելիան, Գոդևան Փոփխաձեն ու Լևան Գոգիաշվիլին հայտարարեցին, թե դիմում են ներկայացրել կուսակցությունից հեռանալու մասին:

«Մենք կորցրել ենք երկխոսության բոլոր հնարավորությունները», - բացատրեց հեռացողներից Էկա Բեսելիան՝ վրացական խորհրդարանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ շարունակելով. - «Դժվար է հեռանալ մի կուսակցությունից, որն ինքս եմ ստեղծել՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն, ցավոք, մեր ճանապարհները բաժանվեցին: Ես գնում եմ այնտեղ, ուր Վրաստանի մեծամասնությունն է և պատրաստվում եմ շարունակել պայքարն այն մարդկանց հետ, որոնք հավատարիմ են մնում արդարության և ժողովրդավարության սկզբունքներին»:

Տարաձայնությունները երևան եկան անցած տարեվերջին, երբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց դատավորների 10 թեկնածուների մի ցուցակ:

Էկա Բեսելիան պնդեց՝ ցանկում ներառված թեկնածուներից մի քանիսն աշխատել են դեռ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և դատավճիռներ կայացրել նրա քաղաքական պատվերով:

Ի նշան բողոքի, Բեսելիան հրաժարական ներկայացրեց խորհրդարանի Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից: Կուսակիցներն այս քայլը բնորոշեցին որպես դեմարշ, Բիձինա Իվանիշվիլին էլ նրան մեղադրեց կուսակցական կարգապահության կանոնները խախտելու համար:

Վեճը, սակայն, այդքանով չավարտվեց. ամիսներ անց Բեսելիան համախոհների հետ խորհրդարան բերեց մի օրինագիծ, որն առաջարկում է 5 տարով սառեցնել դատավորների անժամկետ նշանակման դրույթը:

«Սա թույլ կտա առողջացնել դատական համակարգը», - հայտարարում էր օրինագծի համահեղինակ Կոբա Նարչեմաշվիլին:

«Անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներում դատավորների ցմահ նշանակումը որոշակի ռիսկեր է պարունակում: Հաշվի առնելով՝ ինչ է հիմա կատարվում մեր երկրում, ուզում ենք հետաձգել այդ դրույթի իրագործումը, մինչև որ երկրում վերջնականապես կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները: Կոչ ենք անում այս առաջարկը դիտարկել հենց իրավական, ոչ թե քաղաքական հարթությունում», - ասում էր Նարչեմաշվիլին:

«Վրացական երազանք»-ը, սակայն, կուսակիցների առաջարկն այդպես էլ չպաշտպանեց: Խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն պնդեց՝ դատավորների անժամկետ նշանակումը սահմանադրությամբ է ամրագրված: Ի նշան բողոքի, օրինագծի հեղինակ ինը պատգամավորներից երեքը հայտարարեցին կուսակցությունից հեռանալու մասին:

Ավելի վաղ՝ անցած շաբաթվա սկզբին էլ մեկ այլ պատգամավոր՝ Բեկա Նացվլիշվիլին էր դուրս եկել «Վրացական երազանք»-ից, քանի որ կուսակիցները չէին պաշտպանել կենսաթոշակային համակարգում նրա առաջարկած փոփոխությունները:

Արդյունքում «Վրացական երազանք»-ը, որ 2016-ի ընտրություններում 115 մանդատ էր ստացել, այս պահին ունի 111 պատգամավոր, և այլևս չի կարող սեփական հայեցողությամբ և միանձնյա փոփոխություններ կատարել երկրի մայր օրենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG