Մատչելիության հղումներ

Համբերության բաժակը լցվել է, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասն ամիս անց դեռևս բանտում են. Սեֆիլյան


Համբերության բաժակը լցվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասն ամիս անց դեռևս բանտում են:

«Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավամբ շահագրգիռ է «Մարտի 1»-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է «Մարտի 1» արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին», - գրել է Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն «Մարտի 1»-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել «Սասնա Ծռեր»-ի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը:

«Լռելու և ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը», - գրել է Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

2018-ին «Համաներման մասին» օրենք ընդունվեց, որտեղ սահմանված է առանձին դրույթ «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Մասնավորապես՝ օրենքում վերապահում է արված, որ եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումը ամբաստանյալների վրա չի տարածվում, և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, որ այս գործով տուժող է, առարկեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի։ «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», - ասաց Օսիպյանը։

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ևս առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG