Մատչելիության հղումներ

Վարդան Եղիազարյանը ևս առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառմանը


«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի:

«Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով», - ասաց Եղիազարյանը։

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) մահացել է 2018-ի հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Նա կալանավորվել էր 2016 թվականի ամռանը «Սասնա Ծռեր» խմբի՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց հեղափոխությունից հետո, ազատության մեջ ազատամարտիկը հասցրեց ապրել երկուսուկես ամիս:

Նշենք, որ նախորդ նիստին Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառմանը։ Օսիպյանը շեշտեց՝ եթե ընկերներ կորցրած չլիներ, գուցե և այս հարցում այլ դիրքորոշում ունենար:

2018-ին «Համաներման մասին» օրենք ընդունվեց, որտեղ սահմանված է առանձին դրույթ «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Մասնավորապես՝ օրենքում վերապահում է արված, որ եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումը ամբաստանյալների վրա չի տարածվում, և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։

«Սասնա ծռեր»-ի 10 անդամներից Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով քրեական հետապնդումը այսօր դադարեցվեց: Որոշումը հրապարակեց դատավոր Մեսրոպ Մակյանը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, և այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG