Մատչելիության հղումներ

«Խնդիրը քաղաքական կամքն է». Զոլյանը հակադարձում է Կառավարության ծրագրի քննադատներին


«Հայաստանում ժողովրդավարությունը գոնե 21-րդ դարում՝ 2000 թվականից այն կողմ, ըստ էության, այսօր է սկսվում. մենք լրիվ նորից սովորում ենք ժողովրդավարական մոդելներին՝ թե ինչպես պետք է բանավիճել, թե ինչպես պետք է քննադատել», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Նա նշեց՝ իրենք մերժել են բռնությունը, բայց դա չի նշանակում, որ քաղաքական բանավեճը չպետք է սուր լինի։

«Հեղափոխությունը հենց անցավ բռնության մերժման դրոշի տակ, և մենք մերժել ենք բռնությունը, բայց դա չի նշանակում, որ քաղաքական բանավեճը չպետք է սուր լինի։ Դա նորմալ է, երբ որ ժողովրդավարական երկրում սուր քաղաքական բանավեճ է լինում, իհարկե կան որոշ սահմաններ, որոնք չի կարելի անցնել, և ես չեմ կարծում, որ վարչապետն այդ սահմաններն անցավ։ Եթե դուք դիտել եք, օրինակ, բրիտանական խորհրդարանի քննարկումներն, ապա կհասկանաք, որ Հայաստանի խորհրդարանը երևի աշխարհի ամենահանգիստ խորհրդարաններից մեկն է ժողովրդավարական խորհրդարաններից, որովհետև շատ կան խորհրդարաններ, որտեղ ծեծում են իրար, բռնցքամարտեր են տեղի ունենում, սեղաններ են գցում իրար վրա, աթոռներ են գցում, էդ ամեն ինչի համեմատ մեզ մոտ նորմալ, մի քիչ էլ սուր բանավեճ է տեղի ունենում, և այդ բանավեճի մեջ երբեմն իհարկե նաև կարող է այնպիսի բաներ ասվեն, որոնք այնքան էլ հաճելի չեն հակառակ կողմին։ Այստեղ կարծում եմ, որ խնդիրն այն է, թե արդյոք այդ բանավեճը նպաստում է նրան, որ ճշմարտություն ծնվի, ինչ-որ նոր մոտեցումներ», - ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Հակադարձելով Կառավարության ծրագրի քննադատներին՝ Զոլյանը նշեց՝ ի վերջո բոլոր կառավարությունների ծրագրերը նման են իրար, և ոչ միայն Հայաստանի, սակայն կարևորն այն, որ այն մարդիկ, ովքեր այսօր կառավարությունում են, ունեն հանրության վստահությունը։

«Էս ծրագրի մասին կարելի է շատ խոսել, կարելի է ասել՝ թվերը քիչ են, եթե թվերը շատ լինեին, կարող էին ասել՝ թվերը շատ են։ Կարևորն այսօր դա չի, կարևորն այն, որ այն մարդիկ, ովքեր այսօր կառավարությունում են, նրանք ունեն հանրության վստահությունը և պետք չի դա թերագնահատել, քանի որ, ի վերջո, բոլոր ծրագրերը նման են իրար, և ոչ միայն Հայաստանի։ Ցանկացած կառավարության ծրագիր որ վերցնենք, կարծում եմ, որ այնտեղ գրված են լինելու, որ մենք ուզում ենք երկիրը զարգանա, աղքատությունը քչանա և այլն։ Բայց խնդիրն այն է, որ կա դե ֆակտո և դե յուրե տարբերություն. մեր նախորդ իշխանությունները, եթե ազնիվ լինեին իրենց ծրագրերում, պետք է գրեին, մոտավորապես, որ՝ օլիգարխիան ուժեղանալու է, մոնոպոլիաներն ավելի են ուժեղանալու, նախագահի եղբայրն ավելի է հարստանալու, մնացած բարեկամները ևս հարստանալու են, աղքատներն ավելի են աղքատանալու, արտագաղթը շատանալու է, մենք դրա շնորհիվ կարողանալու ենք ավելի հեշտ կեղծել ընտրությունները և այլն։ Իհարկե, նրանք նման բաներ չէին գրում, այլ գրում էին, որ տնտեսությունը զարգանալու է և այլն։ Հիմա դրա պատճառով մեզ քննադատում են, ասում են՝ «դուք նույն բաներն եք գրել, ծրագիրը հեղափոխական չի» և այլն։ Այստեղ խնդիրը քաղաքական կամքն է», - ասաց Զոլյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG