Մատչելիության հղումներ

Փաշինյանի բերած ծրագրում որոշակիություններ չկան. Գորգիսյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում, Կարեն Կարապետյանի ծրագրի համեմատ, կենացի բաղադրիչն ավելի մեծ է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով Փաշինյանի ծրագրում որոշակիություններ չկան։

«Ես հիշում եմ անցած տարի, երբ Կարեն Կարապետյանն էր բերել և ներկայացնում էդ ծրագիրը, հիմնական մեր քննադատություններն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող, հենց դա էր, որ կենաց է, ոչ թե ծրագիր, որովհետև չկար որոշակիություն։ Հիմա ավելի շատ է մեծացել էդ կենացի բաղադրիչը բերված ծրագրում և որոշակիություններ չկար, այսինքն՝ թվանշաններ, որպես այդպիսին, որպես նշաձող՝ թե որ թվականին, ինչ պետք է լինի, ամբողջ 70 էջանոց փաստաթղթում ընդամենը 11-ն էին, իսկ «պետք է» ձևակերպմամբ, ես նայեցի, 95 հատ ձևակերպում կա՝ «պետք է անել էսինչ, պետք է անել էնինչ», 33 անգամ գրված էր՝ «պահանջվում է անել», «նախատեսվում է անել», բայց որևէ կերպ նշված չէր, թե ինչպես է դա պետք անել», - ասաց Գորգիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց՝ ծրագրում կարևոր որոշ դրույթներ են բացթողված, որոնք կասկածի տակ են դնում, թե արդյոք այդ ամենը հնարավոր է իրականացնել։

«Օրինակ, ասվում է, որ պետք է արվի տնտեսական հեղափոխություն, բայց նշվում է տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ, ընդ որում նշվում է հինգ տարվա մեջ միջինը հինգ տոկոս տնտեսական աճ։ Այսինքն՝ առաջիկա երկու-երեք տարիներին կարող է լինել մեկ տոկոս, երկու տոկոս տնտեսական աճ, հետո այն հույսով, որ հինգերորդ տարվա մեջ կլինի 15 տոկոս տնտեսական աճ և կգա միջինը հինգ տոկոս կկանգնի։ Ի վերջո սա այն միակ փաստաթուղթն է, որն ընդունում և հաստատում է Ազգային ժողովը Կառավարության գործունեության հետ կապված, և դրա վրա հիմնվելով մենք նաև պետք է կարողանանք Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված վերահսկողական մեր գործառույթներն իրականացնել, այսինքն՝ տեսնել արդյո՞ք կառավարությունը հաջողել է, թե՞՝ ոչ։ Ուրիշ չափելի գործիչ մենք չունենք՝ գնահատելու Կառավարության աշխատանքը», - ասաց Գորգիսյանը։

Փետրվարի 14-ին 88 կողմ, 40 դեմ ձայներով խորհրդարանը հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ծրագրին միաձայն կողմ քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի բոլոր 88 պատգամավորները: Միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմադիրները՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճի» պատգամավորները։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG