Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ: Այս մասին հայտարարում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով տեղական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Արմեն Սարգսյանը «քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ»:
Նախագահի գրասենյակը «հերթական ապատեղեկատվություն» է որակում հիշյալ հրապարակումը՝ շեշտելով, որ «տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»:
«Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է գործընկերներին՝ «զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից»: