Մատչելիության հղումներ

Մոսկովյան բորսայում նվազել են ինդեքսները, ռուբլու փոխարժեքն ընկնում է


Մոսկովյան բորսայում այսօր առավոտյան կտրուկ նվազել են ինդեքսները, իսկ ռուսական ռուբլին դեռ երեկ երեկոյան էր սկսել սրընթաց անկումը, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան սենատորները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել Սենատ։ Այս նոր օրինագիծը է՛լ ավելի է խստացնում ամռանն ընդունված, սենատորների իսկ որակմամբ՝ «պատժամիջոցները դժոխքից»:

Ռուսական ռուբլու գինը դեռ երեկ էր ընկել՝ պատժամիջոցների մասին տեղեկությունից հետո, րոպեների ընթացքում մեկ դոլարի փոխարժեքը հասել էր 66,50 ռուբլու, այսօր, չնայած նավթի բարձր գներին, մոսկովյան տարադրամի կետերում դոլարն արժեր արդեն 67 ռուբլի: Փորձագետները միակարծիք են, որ եթե օրինագիծն ընդունվի, ռուբլու փոխարժեքը կարող է է՛լ ավելի նվազել:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ ի պատասխան տարբեր երկրներում ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերի և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ Կերչի նեղուցի միջադեպի, երբ Ռուսաստանի հատուկ ուժերը հարձակվել էին ուկրաինական նավերի վրա։

Պատժամիջոցների այս նոր փաթեթը ենթադրում է լուրջ սահմանափակումներ ռուսական բանկերի, էներգետիկ ընկերությունների, պետական պարտատոմսերի նկատմամբ։ Բացի այս, սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել մի շարք ֆիզիկական անձանց դեմ, որոնք կապված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ներգրավված են տարբեր կոռուպցիոն սխեմաներում։ Օրինագիծը նախատեսում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 24 աշխատակիցների դեմ, ում Միացյալ Նահանգները մեղադրում է անցած տարի նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի վրա հարձակման մեջ։

Հիշեցնենք՝ անցած ամռանը սենատորներ Գրեհեմն ու Մենենդեսը առաջարկել էին պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, օրինագիծը, սակայն, չէր ընդունվել Սենատում: Reuters-ը նկատում է, որ այս նոր նախագիծն է՛լ ավելի կոշտ է։

Մոսկվան, ինչպես միշտ, այսօր էլ հայտարարում է, որ լուրջ չի վերաբերվում պատժամիջոցներին, որ դրանք չեն կարող լուրջ սպառնալիք լինել Ռուսաստանի տնտեսության համար: Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն այսօր նույնիսկ հայտարարել է, որ երկարաժամկետ կտրվածքով այդ պատժամիջոցները վնասելու են հենց արտասահմանցիներին։

Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, թե չի բացառում, որ պետությունն օգնի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերին։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ այսօր հեգնանքով ասել է․ - «Լեզուս չի պտտվում՝ լուրջ խոսելու այդ օրինագծի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG