Մատչելիության հղումներ

«Խաղաղությանը անպատրաստ իշխանության խաղաղության կոչերը հանրությունը կընկալի որպես դավաճանություն»


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի հետ խաղաղություն փնտրելու թեմայով Բաքվում համաժողով է անցկացրել «Հումանիտար հետազոտությունների ընկերակցությունը»:

«Թուրան» լրատվական գործակալության հետ հարցազրույցում այդ հասարակական կազմակերպության ղեկավար Ավազ Հասանովն ասել է, թե այսօրվան հասել են բավականին թուլացած, քանի որ 2014 թվականից Ադրբեջանի իշխանությունները քաղաքացիական հասարակությանը հասցրել են կաթվածահարության: Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները ոչնչացվել են: Իսկ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կազմակերպություններն իրենց հնարավորությունները պահպանել են, ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրանց դիրքերը նույնիսկ ամրապնդվել են:

«Մեր կազմակերպությունը արդեն 4 տարի սեփական պետության կողմից շրջափակման զոհն է: Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները հայտարարեցին փոխադարձ վստահության միջոցներ ստեղծելու անհրաժեշտության մասին, եթե իշխանություններն անկեղծ են, մենք կարող ենք խաղաղության հարցերով հասարակական քննարկումներ անցկացնել», - ասել է Հասանովը:

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչեր են հնչեցնում, բայց, նրա կարծիքով, Հայաստանը պետք է ավելին զոհաբերի, քան Ադրբեջանը: Հասանովի խոսքով՝ 2016 թվականի ապրիլի իրադարձություններից հետո Ադրբեջանը բանակցություններում առավելություն է ստացել, ուստի խաղաղության թեման Ադրբեջանում չպետք է պարտվողական ընկալվի:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է հանրային կարծիքը, Ավազ Հասանովն ասել է, որ հարյուրավոր քաղաքացիական ակտիվիստներ հակամարտությունը միայն ռազմական ճանապարհով լուծելու կողմնակից են, ցանկացած այլ առաջարկ մերժվում է: Հայրենասիրական նման հայտարարությունները ժողովրդահաճո են, սակայն հակասում են խնդիրը ոչ միայն ուժային մեթոդներով լուծելու պետական ռազմավարությանը:

Հասանովը նշել է, որ եթե պետական ռազմավարությունը կառուցվի միայն նման գաղափարների վրա, դա բանակցություններում կհանգեցնի պարտության: Նման գործընթացները պետք է շատ ճկուն ու բազմակողմ քայլերով իրականացվեն: Փաշինյանի թիմի գործողությունները ցույց են տալիս, որ նա ճկուն քայլերի է դիմում: «Եթե մեր կառավարությունը հիմա կոշտ դիրքորոշում որդեգրի, մենք կպարտվենք, ու միջազգային հանրության ճնշումները մեզ վրա կուժեղանան: Խաղաղապահությունը եղբայրանալու կոչ չէ, այլ՝ ինչ-որ շահավետ մի բան, հաշվենկատ ամուսնություն, հաղթում է նա, ում փաստաբանն ավելի լավն է», - ասել է ադրբեջանցի հասարակական գործիչը, իսկ իրենց հետագա գործողությունների մասին նշել է, թե խաղաղապահության հարցն անհրաժեշտ է քննարկել իշխանությունների հետ, սինքրոնացնել գործողությունները:

«Խաղաղությանը անպատրաստ իշխանությունների խաղաղության կոչերը հանրության կողմից կընկալվեն որպես դավաճանություն», - «Թուրան»-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի «Հումանիտար հետազոտությունների ընկերակցության» ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG