Մատչելիության հղումներ

Հնարավո՞ր է ադրբեջանցիներին պատրաստել խաղաղության․ քաղհասարակության քննարկումներ Բաքվում


Ադրբեջան - Տեսարան Բաքվից
Ադրբեջան - Տեսարան Բաքվից

«Հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի բնակչությանը նախապատրաստել խաղաղության». այս թեմային էր նվիրված փետրվարի 4-ին Բաքվում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված քննարկումը:

Դրա կազմակերպիչը Բաքվում գործող «Հումանիտար հետազոտությունների կենտրոնն» էր, որի ղեկավար Ավազ Հասանովի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խաղաղության հաստատման թեմային որոշեցին վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո: Դրա ավարտին համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում կողմերը նշել էին երկու երկրների հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին:

«Այդ հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության և կայուն զարգացման լուրջ ազդակ կարող է հանդիսանալ», - նշում էր Ավազ Հասանովը:

«Ամենակարևորը՝ երկու երկրների բնակիչներին բացատրել խաղաղության հաստատման ընթացքում փոխզիջման կարևորությունը: Կողմերը չպետք է փոխզիջումն ընկալեն որպես իրենց պարտություն և դիմացինի հաղթանակ», - Բաքվում կազմակերպված քննարկման ժամանակ պնդում էր Հասանովը։

Քննարկման մասնակիցներից ևս մեկը` իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, կոչ էր անում ադրբեջանական հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ընթացքում համագործակցել նաև պետական մարմինների հետ:

Ջաֆարօղլուն, մասնավորաբար, առաջարկում էր, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպում կազմակերպեն երկրի արտաքին գործերի նախարարի հետ` քննարկելով ղարաբաղյան կարգավորման ընթացքը:

«Երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ճանապարհին ներքին երկխոսությունը ևս շատ կարևոր է», - նշում էր ադրբեջանցի իրավապաշտպանը:

Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Ազեր Հասրեթի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար առանցքային նշանակություն ունի երկու ժողովուրդների շրջանում փոխադարձ ատելության մակարդակի նվազեցումը:

«Խաղաղությունը պետք է բացատրվի երկու ժողովուրդներին: Առաջին հերթին, հարկավոր է նվազեցնել ատելության դրսևորումների թիվը», - ընդգծում էր ադրբեջանցի գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG