Ռուսաստանը երեկ Միացյալ Նահանգներից պահանջել է ոչնչացնել Ռումինիայում տեղակայած MK-41 (Aegis Ashore) տեսակի հակահրթիռային համակարգերը:
Դրանք, ըստ Մոսկվայի, հակասում են «սառը պատերազմի» տարիներին կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրին:
Բացի այդ, ռուսները նույն պատճառաբանությամբ պահանջել են ոչնչացնել որոշ տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Ռուսատանն իր պահանջը պաշտոնապես ներկայացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին:
Ռուսաստանը փետրվարի 3-ին սառեցրել է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման 1987 թվականի պայմանագրին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է պայմանագրից դուրս գալու վեցամսյա գործընթացի մասին:
Վաշինգտոնն իր որոշումը բացատրել է Ռուսաստանում պայմանագրին հակասող նոր հրթիռ ստեղծելու հանգամանքով:
Ի պատասխան Մոսկվայի պահանջի, Ռումինիայի պաշտպանության նախարար Տեոդոր Մելեսկանուն երեկ ասել է, որ MK-41 տեսակի համակարգերն ունեն սոսկ պաշտպանական նշանակություն:
Նախարարի խոսքերով՝ Բուխարեստը կքննարկի խնդիրը դաշնակիցների հետ և որոշում կընդունի դրա վերաբերյալ միացյալ համաձայնության հիման վրա:
Մոսկվան հայտարարել է, թե MK-41 տեսակի համակարգերի հարցում «Ռումինիայի նկատմամբ չունի թշնամական կամ ոչ բարյացակամ քայլերի դիմելու մտադրություն»: «Այդուհանդերձ, մեր պաշտպանության նախարարությունը չի կարող անտեսել Ռումինիայում այդ համակարգերի տեղակայման փաստը», - հայտարարել է Ռումինիայում Ռուսաստանի դեսպան Վալերի Կուզմինը: