Մատչելիության հղումներ

Պուտին. «Մենք էլ կհրաժարվենք պարտավորություններից»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրին՝ այն բանից հետո, երբ նախօրեին այդ քայլին է դիմել Միացյալ Նահանգները:

Պուտինն այսօր հանդիպել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին:

«Մենք կդիմենք համարժեք պատասխանի, մեր ամերիկացի գործընկերները հայտնել են պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մասին, մենք նույնը կանենք և կհրաժարվենք պարտավորություններից»,- ասել է Պուտինը:

Նա արտգործնախարարին կարգադրել է ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևս չվարել, իսկ պաշտպանության նախարարին հրամայել է «արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային տեսակի հրթիռներ ստեղծելու աշխատանքը»:

Միաժամանակ. Պուտինն ասել է, թե Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն ասել էր, թե «դուրս գալով միջուկային պայմանագրից՝ Միացյալ Նահանգները ևս մեկ քայլ է անում ինքնաքայքայման ուղղությամբ»:

Իսկ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «միջուկային պայմանագրից դուրս գալը տարբեր բնագավառներում ստանձնած պարտավորություններից հրաժարվելու Միացյալ Նահանգների ռազմավարության բաղադրիչն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG