Մատչելիության հղումներ

Անկարան շարունակում է դատապարտել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու Մակրոնի որոշումը


Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյ, արխիվ

Պաշտոնական Անկարայից շարունակում են արձագանքներ հնչել Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշման առնչությամբ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը դատապարտող հայտարարությանը հետևել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյի արձագանքը:

Արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ Աքսոյը նշում է, թե Մակրոնի որոշումը պայմանավորված է ներքաղաքական հանգամանքներով. Ֆրանսիայի նախագահը հայ ընտրողների քվեն ստանալու ակնկալիքով փորձում է կատարել տված խոստումն՝ անտեսելով Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներն ու պատմական փաստերը:

«Ցավալի է, որ մի քաղաքական գործիչ, որն անտեղյակ է օսմանյան պատմությունից, հաշվի չի առնում ֆրանսիական և եվրոպական իրավունքը և թուրքերի համար չափազանց զգայուն պատմական հարցի շուրջ միակողմանի դիրքորոշում է ընդունում` ելնելով անձնական, քաղաքական շահից», - մասնավորապես ասված է Աքսոյի հայտարարության մեջ:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ևս, նախագահ Մակրոնի որոշում պայմանավորելով քաղաքական նկատառումներով, նրան կոչ է արել նախ առերեսվել սեփական պատմությանը:

«Առաջին հերթին Ֆրանսիան թող առերեսվի Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Գաբոնում, Գվինեայում, Կամերունում, Մավրիտանիայում, Նիգերում, Սենեգալում, Թունիսում և Չադում մարդկության առաջ գործած հանցագործություններին», - ասել է Չելիքը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ համոզմունք է հայտնել, թե ճիշտ չէ անցյալի ցավալի իրադարձությունները քաղաքականության նյութ դարձնելը:

«1915 թվականի դեպքերը և՛ հայ, և՛ թուրք ժողովուրդների հիշողության մեջ խորը հետք թողած ողբերգական իրադարձություններ են: Այդ ողբերգության հետքերը մաքրելն ու ցավերն ամոքելը հնարավոր չէ երրորդ երկրների անտեղի ու անօգուտ որոշումների պատճառով: Անցյալի ցավն այսօր քաղաքական հաշիվների թեմա դարձնելը չի նպաստում երկու երկրների միջև կամրջի վերականգնմանը: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ և թուրք ժողովուրդների միջև առկա բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ և նոր սերունդների համար ապահովել ոչ թե հակամարտության, այլ խաղաղության վրա հիմնված աշխարհընկալում: Թուրքիան և Հայաստանը, առանց երրորդ երկրների միջամտության, ընդունակ են հասնել այս նպատակին», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Արտախորհրդարանական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն էլ որոշել է ուղիղ Էմանյուել Մակրոնին հայտնել իր դժգոհությունը: Ֆրանսիայի նախագահին հասցեագրված նամակում Փերինչեքը կոչ է արել «հրաժարվել ցեղասպանության ստերից»: Նա պնդել է, թե Մակրոնի քայլը հակաիրավական է՝ հիշեցնելով ՄԻԵԴ-ի 2013, 2015 և 2017 թվականների որոշումները, որոնց համաձայն, ըստ Փերինչեքի, պետությունների նախագահները, խորհրդարանները, կառավարություններն իրավասու չեն որոշումներ կայացնել ցեղասպանության հարցի շուրջ:

Փերինչեքի կուսակցության ներկայացուցիչները նրա նամակի ֆրանսերեն օրինակը փոխանցել են Ստամբուլում ֆրանսիական հյուպատոսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG